Էներգախնայողության ծրագրեր` դպրոցներում
20/06/2014 18:15

Էներգախնայողության ծրագրեր` դպրոցներում

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպել են գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկ»երի խմբի Հարավային Կովկասի
տարածքային գրասենյակի ղեկավար Լարս Օյրմանի և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն, Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կլաուս Թանցբերգերի, զարգացման և համագործակցության ծրագրերի ղեկավար Կատարինա Դերքորնի հետ: Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարության լրատվության բաժնից:

«Քաղաքաշինության նախարարությունը բարձր է գնահատում գերմանական կողմի հետ համագործակցությունը, մեծապես հետաքրքրված է առաջարկվող` դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով: Հույս ունենք առաջիկայում ընդլայնել համագործակցության ոլորտները»,-նշել է Փոխնախարար Ռ. Ալավերդյանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն, Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կլաուս Թանցբերգերը տեղեկացրել է, որ սեպտեմբերի կեսին Գերմանիայում կայանալու է միջկառավարական խորհրդի նիստ և այս հանդիպման նպատակն է հստակեցնել քննարկվող հարցերի շրջանակը:

Պարոն Լարս Օյրմանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում դպոցների էներգախնայողության ծրագրերի ներդրման նպատակով հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն գերմանական փորձագետ-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեն Հայաստանյան դպրոցնեում և կձևավորվեն էներգախնայողության միջոցառումների ծրագիր: Մասնագետների այցի նպատակն է լինելու բանակցությունների միջոցով հիմք ստեղծել համաձայնագրի ստորագրման համար:

Ալավերդյանն անդրադարձ կատարելով էներգախնայողության և շինարարական աշխատանքների համատեղ իրականացման խնդրին, Հայաստանում դպրոցների սեյսմիկ պահանջների և վթարայնության առանձնահատություններին` նշեց, որ ծրագրի իրագործման համար ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այնպիսի դպրոցների, որոնք համապատասխանում են սեյսմիկ պահանջներին:

Հանդիպման ավարտին ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան ժամանող փորձագետների հետ տեխնիկական հարցերի քննարկման վերաբերյալ:
Նշենք, որ օրեր առաջ KFW բանկի պատասխանատուները հանդիպել էին նախարարության պատասխանատուների հետ` ձեռք բերելով ոլորտային նախնական պայմանավորվածություն:

Էներգախնայողության ծրագրեր` դպրոցներում