.jpg)
Լ. Ալավերդյան. Մենք չունենք փախստականների համար մշակված քաղաքականություն
Ես հինգ տարվա ընթացքում եղել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր և այդ տարիների ընթացքում միշտ հարց եմ բարձրացրել՝ ինչո՞ւ փախստականների համար չի իրականացվում բնակարանաշինարարական ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը` ավելացնելով.
«Հայաստանը չունի հարյուր հազարավոր փախստականների համար մշակված քաղաքականություն, որն իր օգուտը կբերի նաև միջազգային ատյաններում»:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ 25-26 տարի առաջ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացվածը միանշանակ պետք է Ցեղասպանություն անվանել.
«Զարմանում եմ, որ մեր իշխանությունները տարբերություն են դնում 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Ցեղասպանության և 25-26 տարի առաջ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության միջև, այն դեպքում, երբ Ադրբեջանից աղթած հազարավոր հայեր նկարագրում են այն տեսարանները, որոնք տեղի են ունեցել 15 թվականին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով՝ Բուդապեշտում կացնահարված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի դեմքը նույնպես Ցեղասպանություն է. «Մեր իշխանությունները փախստականների հարցերում ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին աշխարհում չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել հենց հստակ քաղաքականություն չունենալու պատճառով, մինչդեռ Ադրբեջանը փոխվարչապետի մակարդակով ունի կառույց և փախստականների հետ կապված հարցերում մեծ հաջողության են հասնում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը մինչ այժմ ունի վրանային ճամբարներ, որոնցում ապրում են փախստականները.
«Այս ճամբարներով նրանք ցույց են տալիս աշխարհին՝ տեսեք մենք էլ փախստականներ ունենք»: