.jpg)
Թեև նվազել են ապօրինի անտառահատումները, բայց բնագավառում խնդիրները շատ են
Չնայած վերջին մի քանի տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվել անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ, մասնավորապես կրկնակի նվազել են ապօրինի անտառահատումնրը, սակայն այս բնագավառում դեռ շատ են օրախնդիր հարցերը, որոնց լուծման գործում ակնկալվում է հասարարակական կազմակերպությունների գործուն աջակցությունը: Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրներին վերաբերող ընդլայնված նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարարության պատասխանատուներից և համապատասխան ծառայությունների մասնագետներից բացի, խորհրդակցությանը մասնակցում էին նաև բնապահպանության ոլորտում գործող հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանն էին ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, անտառային տնտեսության վարման արդի վիճակի և խնդիրների, 2014 թվականի առաջին կիսամյակում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի կողմից կատարված աշխատանքների արդյունքների մասին հարցերը:
Վերջիններիս վերաբերյալ ՀՀ ԳՆ անտառաբուծության բաժնի պետ Արթուր Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանի ներկայացրած զեկուցումների շահագրգիռ քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները դրականորեն արձագանքել են հասարակական կազմակերպությունների հետ նման հանդիպումներ կազմակերպելու միջոցով ոլորտային խնդիրներին լուծում տալու ՀՀ գյուղատնտեսության նախարարության որդեգրած քաղաքականությանը:
ՀՀ անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները գնահատվել են որպես հիմնավորված և անհրաժեշտ: