.jpg)
Համերգ` նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին
Նարեկացի համույթը Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ այսօր Կամերային երաժշտության տանը հանդես կգա ինքնատիպ համերգային ծրագրով: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Նարեկացի համույթը «Ժամանակակիցը» խորագրի ներքո կներկայացնի Ազնավուրի ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների համար:
Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին զուգահեռ համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Ալթունյանի, Գևորգ Մանասյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգային ծրագրին կմասնակցի Մարիաննա Պողոսյանը:
Հուլիսի 25-27-ին Նարեկացի համույթը նույն համերգային ծրագրով հանդես կգա նաև Արցախում, մասնավորապես Շուշիում, Ստեփանակերտում և Բերձորում:
Նարեկացի համույթը կազմավորվել է 2008 թվականին Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, ով այժմ հանդիսանում է համույթի գեղարվեստական ղեկավարը: Համույթն իր կարճ գործունեության ընթացքում հասցրել է իր ուրույն տեղը գտնել մեր մշակութային կյանքում: Այն կազմված է 21 երիտասարդ գործիքային և 3 վոկալ կատարողներից, որոնց մեծ մասը տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են: