.jpg)
«Վաղ թե ուշ». Տեղի ունեցավ գրող Վրեժ Իսրայելյանի գրքի շնորհանդեսը
«Գրողը ցավող մարդն է» ասում էր Վրեժ Իսրայելյանը, և այդ ցավող մարդու գրանակությունը դուք կտեսնեք Վ. Իսայելյանի «Վաղ թե ուշ» ժողովածուում: Գրող, ազատամարտիկ Վրեժ Իսրայելյանի «Վաղ թե ուշ» գրքի շնորհադեսի ժամանակ այս մասին ասաց գրքի խմբագիր Ռոլանդ Շառոյանը:
«Այս գրքում տեղ են գտել նաև անտիպ ստեղծագործություններ. Անտիպներից կա ութ գործ, այլ գործեր տպագրված են եղել մամուլում և մինչ օրս գրքերում տեղ չեն գտել, նաև կան ստեղծագործություններ այլ ժողվածուներից»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ գրքում տեղ են գտել պատմվածքներ, վիպակներ, ինչպես նաև՝ դրամա և կինովիպակ:
Հարցին՝ հե՞շտ է արդյոք խմբագրել Վրեժ Իսրայելյանին, երբ այլևս մեզ հետ չէ, Ռ. Շառոյանն ասաց. «Վրեժի հետ ոչ միայն կաթեղբայրներ ենք՝ մորաքրոջ տղաներ, այլև գրչակից ընկերներ: Նա իմ գիրքն է խմբագրել, ես՝ իրենը: Գրեթե բոլոր ստեղծագործությունների դեպքում նա իմ առաջին ընթերցողն է եղել, ես՝ իրենը: Այստեղ խմբագրելու դժվարություն չկար, միակ դժվարությունն ընտրություն կատարելու մեջ էր: Անընդհատ մտածում ես՝ այս մի գործը դնես, բա մյո՞ւսը, անընդհատ մտածում ես, որ գուցե մյուսն ավելի լավն է»,- ասաց գրքի խմբագիրը՝ ավելացնելով, որ դժվար էր միայն այդ առումով:
«Վրեժ Իսրայելյանից մենք գնում ենք դեպի գրականություն և նրա գրականությամբ գալիս ենք դեպի Վ. Իսրայելյանի անհատականությունը: Այս երկու ընթացքներն էլ շատ կարևոր են, քանի որ, կարծես թե, մեր շատ ասպարեզներ՝ այդ թվում գրականությունը, մեկուսի կյանքով էր ապրում և չէր մտնում հասարակական կյանքի մեջ, և ընթերցողի ու գրականության հանդիպումից կտեսնենք, որ երկիրն աճ կունենա»,- ասաց Ռ. Շառոյանը:
Նշենք, որ Վ. Իսրայելյանի «Վաղ թե ուշ» գիրքը տպագրվել է պետական աջակցությամբ, 500 օրինակից: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրողի բարեկամները, հարազատները, ընթերցողները: