Հոգևորականներն այցելել են մարտական հենակետ
21/06/2014 18:31

Հոգևորականներն այցելել են մարտական հենակետ

Մի խումբ հոգևորականներ այսօր այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:

Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետում Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրերը հանդիպել են տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զինծառայողների հետ: Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրել մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղել են նաև դիտակետերում, հետևել են դիրքապահ զինծառայողների գործառույթներին:

Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար` հոգևոր հայրերը հենակետի զինծառայողների փոխանցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:

Ացելության ավարտին սրբազան հայրերը ճաշակել են զինվորական ուտեստներ, լուսանկարվել հենակետի անձնակազմի հետ: 

Հոգևորականներն այցելել են մարտական հենակետ