Ադրբեջանը ի զորու չէ այսօր լիովին փակվել արտաքին աշխարհից. Կարծիքներ
21/06/2014 16:31

Ադրբեջանը ի զորու չէ այսօր լիովին փակվել արտաքին աշխարհից. Կարծիքներ

«Ադրբեջանի ղեկավարության մեջ մշտապես առկա են եղել երկու` արևմտամետ և ռուսամետ թևեր: Երկու թևն էլ բնականաբար առաջ է մղում իրենց քաղաքական հայացքները: Սակայն մոտավորապես անցյալ տարվա օգոստոսից Ադրբեջանը փորձում է իրականացնել բոլոլովին այլ քաղաքականություն, որի հիմքում ընկած է հավասար հեռացումը ` թե՛ Արևմուտքից և թե՛ Ռուսաստանից: Եվ քանի որ Ադրբեջանի արևմտամետ արտաքին քաղաքականությունը ավելի էր աչք զարնում, այդ իսկ պատճառով պաշտոնական Բաքուն փորձում է այս ուղղությամբ որոշակի կոշտություն ցուցաբերել: Բաքուն, մի կողմից փորձում է մեսիջ հղել Մոսկվային առ այն, որ չի գտնվում Արևմուտքի ազդեցության դաշտում, մյուս կողմից հստակ մատնանշում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սահմանը»,- անդրադառնալով Ադրբեջանի բարձաստիճան պաշտոնյաների կողմից վերջին շրջանում Արևմուտքի հասցեին հնչող սուր քննադատությանը, Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նշենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը խիստ քննադատության էր ենթարկել միջազգային մի շարք կառույցների, այն բանի համար, որ նրանք «աչք են փակում ադրբեջանական հողերի բռնազավթման վրա»:

Մամեդովի խոսքով` Արևմուտքը մեծ աղմուկ է բարձրացնում Ադրբեջանի ներսում առկա խնդիրների կապակցությամբ, իսկ ահա Ադրբեջանի վարաբերյալ «արդարության վերականգման» գործում «հապաղում է»:

Հատկանշական է, որ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը նախորդել էր նրա անմիջական ղեկավար` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հայտարարությունը, ով սուր քննադատության էր ենթարկել երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին, ով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում՝ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել էր Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին: Մեհթիևը, մասնավորապես, դիվանագետին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար:

«Իրականում Ադրբեջանը շարունակում է Արևմուտքի հետ հարաբերություններում կիրառել իր տնտեսական լծակները` քաղաքական տեսանկյունից ձգտելուվ հեռու գտնվել թե՛ Արևմուտքից և թե՛ Ռուսաստանից: Դրա հետ մեկտեղ` Ադրբեջանը ի զորու չէ այսօր լիովին փակվել արտաքին աշխարհից: Եթե չլիներ արաբական գարունը, միգուցե Բաքվի վերախավը նման փորձ աներ, սակայն այս պայմաններում սա հղի է լուրջ վտանգներով: Իհարկե, Ադրբեջանը որոշակի բռնաճնշումերի ենթարկում է երկրում գործող միջազգային կառույցներին, սակայն, այնուամենայնիվ, դռները չի փակում»,- հավելեց բանախոսը:

Դրա հետ մեկտեղ, ըստ քաղաքագետի, փաստ է, որ նավթադոլարները, կարծես թե, Ադրբեջանի ղեկավարության մոտ գլխապտույտ են առաջացրել, շեղել են բնականոն ուղուց:

Իր հերթին քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` Հարավային Կովկասում միջազգային խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական պայքարը հույս է ներշնչում Ադրբեջանի իշխանություններին, որ իրենք կարող են իրենց թույլ տալ նմանատիպ դեմարշներ:

«Բաքվում վստահ են, որ նման քայլերի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ներսում առկա խնդիրների պատճառով, Արևմուտքը չի վտանգի Ադրբեջանի հետ իր հարաբերություները: Մյուս կողմից` Արբեջանում կարծում են, որ Արևմուտքի դեմ ցանկացած նման լուրջ քննադատություն դրական արձագանք կստանա Մոսկվայում: Այստեղ գործում է նույն տրամաբանությունը, որը գործում էր որոշ ժամանակ առաջ հայկական կողմի հետ որևէ առնչություն ունեցող քաղաքացիական ակտիվիստների ձերբակալության ժամանակ: Իմ խորին համոզմամբ` այս ձերբակալություննների գլխավոր պատճառը ոչ թե հայկական կողմի հետ առնչություններն են, չնայած դա նույնպես էական է, այլ այն, որ ձերբակալվածները մեծ մասամբ ունեին արևմտամետ կողմորոշում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Մինասյանը:
 

Ադրբեջանը ի զորու չէ այսօր լիովին փակվել արտաքին աշխարհից. Կարծիքներ