Թեժ իրավիճակ ԱԺ-ում. ՀՀԿ-ից խոստանում են ապացուցել տղամարդկությունը
21/06/2014 12:01

Թեժ իրավիճակ ԱԺ-ում. ՀՀԿ-ից խոստանում են ապացուցել տղամարդկությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստը դեռ չսկսած՝ 20 րոպե ընդմիջում հայտարարվեց:

Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից մեծ ջանքեր պահանջվեց` նիստը շարունակելու համար: Նա մոտ 5-6 անգամ պատգամավորներին խնդրեց, որպեսզի նրանք, վերջապես, գան ԱԺ դահլիճ:

Ինչևէ` քվեարկության դրեց «կուտակայինի» մասին փոփոխված օրինագիծը, ինչին կողմ քվեարկեց 67 պատգամավոր:
Մինչ այդ ԱԺ պատգամավորները վարման կարգի վերաբերյալ ցանկանում էին խոսել, սակայն ԱԺ նախագահը խոսքի իրավունք չէր տալիս:

Մեծ աղմուկից հետո վարման կարգի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խնդրեց, պահանջեց, որ խորհրդարանական մեծամասնությունը հարգի օրենքը:

«Երբ մենք ֆիքսում ենք, որ պատգամավորի բացակայության ժամանակ մեկը քվեարկում է մյուսի փոխարեն, դա պետք է հաշվի առնել: Տղամարդկությունն այն չի, որ օրենքը խախտեք, տղամարդկությունը այն է, որ ամեն մեկն իր գործն անի: Այսկերպ հեռուն չենք գնա, եղեք օրենքի սահմանններում»,- դիմելով ՀՀԿ-ականներին` ասաց Ա. Վարդանյանը, ինչին ի պատասխան ԱԺ նախագահն արձագանքեց, թե իրենք իրենց գործը կատարում են օրենքի սահմաններում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե ՀՅԴ-ն չի մասնակցել կուտակայինի քվեարկությանը. «ԱԺ դահլիճում միայն ՀՀԿ և անկախ պատգամավորների թիվը 64 է: Հարգարժան ԱԺ նախագահ, տեղի է ունեցել կանոնակարգի խախտում»:

ԱԺ Հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանն էլ ասաց. «Տղամարդկություն ապահովելու առանձին տեղեր կան, ես կարող եմ ապացուցել իմ տղամարդկությունը»:

Ի պատասխան ՀՀԿ պատգամավորի հայտարարությանը չցանկացավ պատասխանել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Տեղից անկապ արձագանքելու հարկ չեմ համարում, անկապ տեղը եսիմ ում չենք պատասխանում»:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ քառյակի ուժերը և անկախ պատգամվորները դեմ են կենսաթոշակային օրինագծին, նա կրկին 20 րեպե ընդմիջում պահանջեց, սակայն ԱԺ նախագահը չընդառաջեց:

«Ձեր անկարողությունը չի կարելի տարածել ԱԺ բնականոն աշխատանքի վրա»,- ասաց Գ. Սահակյանը:
 

Թեժ իրավիճակ ԱԺ-ում. ՀՀԿ-ից խոստանում են ապացուցել տղամարդկությունը