.jpg)
Այսօր Վիկտոր Ցոյի ծննդյան օրն է
Սովետական ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ և «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր Ցոյը ծնվել է 1962թ. հունիսի 21-ին Լենինգրադում, եղել է ծնողների միակ երեխան: Վաղ հասակից նրա մոտ հակում է նկատվում դեպի նկարչությունը: 15 տարեկանում ավարտում է գեղարվեստի միջնակարգ դպրոցը: Այստեղ է ստեղծվում «Палата № 6» խումբը՝ Մաքսիմ Պաշկովի գլխավորությամբ:

1977թ.-ին ընդունվում է Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան, որտեղից վատ առաջադիմության պատճառով հեռացվում է: 1981թ.-ի ամռանը Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «Гарин и гиперболоиды» խումբը, որը նույն թվականի աշնանը դառնում է «Լենինգրադյան ռոք ակումբի» անդամ: Խումբը շուտով փոխում է իր անվանումը «Кино», և Բորիս Գրեբենշիկովի ղեկավարությամբ ձայնագրում է իր առաջին ալբոմը: Որոշ ժամանակ անց, Վիկտոր Ցոյն ու Յուրի Կասպարյանը ձայնագրում են «46» ալբոմը, որը շլացուցիչ հաջողություն է ունենում:

1983թ.-ին գարնանը «Кино»-ն մասնակցում է ռոք ակումբի երկրորդ փառատոնին և արժանանում է դափնեկրի կոչմանը: 1986թ.-ին վերջապես լույս է տեսնում երկար սպասված «Ночь» ալբոմը:

1990թ. հունիսին Մոսկվայում տեղի է ունենում «Կինոի» վերջին համերգը: Ցոյն ու Կասպարյանը սկսում են աշխատել նոր ալբոմի վրա, որը ձայնագրվում է Վիկտոր Ցոյի մահից հետո՝ 1990թ. դեկտեմբերին և կոչվում է «Սև ալբոմ»:
1990թ.-ի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը զոհվում է ավտովթարից. նա քնում է մեքենայի ղեկին, և մեքենան բախվում է ավտոբուսին: