Հայաստանի հանրակրթական դպրոցները պետք է դառնան ներառական. Հ. Արենս
23/06/2014 17:46

Հայաստանի հանրակրթական դպրոցները պետք է դառնան ներառական. Հ. Արենս

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր «Այբ» ավագ դպրոցում կազմակերպել է Yerevan Activate Talks անունը կրող միջոցառում, որի կարգախոսն է «Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»:

«Activate Talks» միջոցառման նպատակն է վերհանել երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը՝հավելելով, որ Yerevan Activate Talks միջոցառմանն անդրադարձ է կատարվում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքին:

Հ. Արենսը նաև նշեց, որ միջոցառումների այս շարքի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառում է իր համախմբող դերը` խրախուսելու կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ձեռնարկություններին, կրթական հաստատություններին և այլոց՝ գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնց բախվում են ամենախոցելի իրավիճակում հայտնված երեխաները:

Նա կարծում է, որ Հայաստանում գործող ներառական կրթությամբ դպորցներում ուսուցչական կազմի վերապատրաստման և դպրոցներն այդ երեխաների տեղաշարման համար ավելի հարմարեցված դարձնելու խնդիրը կա:

«Խնդիրն այն է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցները դառնան ներառական»,- շեշտեց Հենրիետ Արենսը:

Նշենք, որ Հայաստանում գործում է ներառական կրթությամբ մոտ 120 դպրոց:

«Հաշմանդամություն ունեցող անձիք հենց իրենք պետք է առաջնորդեն և նախաձեռնեն իրենց խնդիրների վերհանումը»,- ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ հայ հասարակության մեջ կան բազմաթիվ կարծրատիպեր, որոնք խոցելի են դարձնում մասնավորապես  կանանց և աղջիկներին:

«Նրանք կրկնակի խոցելի են նախ սեռի, ապա հաշմանդամության պատճառով»,- շեշտեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահը:
 
Նշենք, որ Հայաստանում և աշխարհի այլ երկրներում տեղի ունեցող «Activate Talks» միջոցառումների ելույթները կարտացոլվեն այս տարվա` «Երեխաների իրավիճակն աշխարհում» զեկույցում, որը կմեկնարկի 2014թ. նոյեմբերի 20-ին ` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին:

«Activate Talks» TED-ոճի միջոցառումը տարածաշրջանում առաջինն է և նվիրված է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին:

Նախորդող հրապարակում՝ Ներառական կրթություն. Խոչընդոտը տնօրենների, պաշտոնյաների գլուխներում է
 

Հայաստանի հանրակրթական դպրոցները պետք է դառնան ներառական. Հ. Արենս