23/06/2014 20:23
Նոր Նորքի բնակիչները անհանգստացած են. Աղբանոցն այրում են մարդկանց քթի տակ
Նոր Նորքի 9-րդ զանգվածի 44-րդ և 45-րդ շենքերի բնակիչներն անհանստացած են: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ չեն կարողանում քնել: Եվ չեն կարողանում քնել ոչ թե անքնության, կամ աղմուկ-աղաղակի պատճառով, այլ գարշահոտությունից, որը գալիս է հարակից ձորից:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ շենքերի հարևանությամբ գտնվող ձորում աղբանոց է բացվել, որի մասին բոլորովին վերջերս են իմացել: «Ցերեկները հոտը այդքան ուժեղ չի գալիս, որքան գիշերները: Մարդիկ այս ամռան շոգին չգիտեն պայքարեն շոգի, թե գարշահոտության դեմ»,- նշեց բնակիչներից մեկը:
Նա պատմեց, որ աղբանոցում աղբը վառում են, որի ծուխն ու մուրն ոչ միայն տհաճ են, այլև հակահիգիենիկ ու վտանգավոր:
Նրա խոսքով՝ երկու օր առաջ ՀՀ ԱՆ աշխատակիցները ահանզանգի հետքերով եկել են ձոր՝ «աղբանոցի» տնօրենին ու աշխատակցին անակնկալի բերելու նպատակով, սակայն անակնկալի են եկել հենց իրենք. բնակիչների հետ նրանց դիմավորել են հարայհրոցով:
«Մի մարդ մեզ ագրեսիվ դիմավորեց ու սկսեց մեզ վրա գոռալ, թե աղբանոցը պետական է, բայց երբ թուղթ պահանջեցինք, ոչ մի թուղթ էլ չկարողացավ ցույց տալ»,- մանրամասնեց բնակիչը՝ ընդգծելով նաև, որ հարցի վերաբերյալ ահազանգել են և՛ Նոր Նորքի թաղապետարան, և՛ Երևանի քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, թե զբաղվում են խնդրով:
«ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն էլ բնակիչներն էին դիմել: Երբ գնացինք այնտեղ՝ տնօրենը սկսեց վիճել մեզ հետ: Մենք այսքան ժամանակ նման խնդիր չենք ունեցել, բայց եթե չբողոքենք ձորը կվերածվի հերթական Սովետաշենի աղբանոցի»,- ասաց նա:
Ի դեպ՝ մենք հարցում ենք ուղարկել նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից դեռ մեր հարցերի պատասխանները չենք ստացել: