Տարոն Մարգարյանը հանձնարարել է իր աշխատակիցներին շրջել երթուղայիններով
23/06/2014 17:29

Տարոն Մարգարյանը հանձնարարել է իր աշխատակիցներին շրջել երթուղայիններով

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը ներկայացվել է մայրաքաղաքում իրականացված հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: 

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ հայտնաբերվել է վարորդների ծխելու 5 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Դժգոհություն հայտնելով իրականացվող աշխատանքների արդյունքներից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև մեքենաների արտաքին և ներքին սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, մեքենաներում հնչող երաժշտությանը, ինչպես նաև ընթացքի ժամանակ բջջային հեռախոսներով վարորդների խոսելուն:

«Ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվում են հազարավոր երևանցիներ, և շատ կարևոր է, որ մեքենաներում ապահովված լինեն պատշաճ պայմաններ: Մեր քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս են բարձրացվել մեքենաներում հնչող երաժշտության մասին դժգոհություններ, ինչպես նաև ընթացքի ժամանակ վարորդների ծխելու կամ բջջային հեռախոսով խոսելու հետ կապված: Նման անթույլատրելի երևույթները բացառելու նպատակով անձամբ երթևեկեք երթուղայիններով: Միայն վերջնականգառներում լինելով հնարավոր չէ ամբողջությամբ տիրապետել տիրող վիճակին, ինչն էլ իր հերթին հնարավորություն չի տալիս ներկայացնել իրական պատկերը: Ձևավորեք առանձին աշխատանքային խմբեր ու անձամբ շրջեք երթուղայիններով, տեղում ծանոթացեք իրավիճակին, որ ձեզ համար էլ տեսանելի լինի իրական պատկերը, ինչից և արդարացիորեն դժգոհում են մեր քաղաքացիները: Համոզված եղեք, որ եթե հենց տեղում, օրենքով սահմանված կարգով կիրառեք համապատասխան պատժամիջոցները, ապա կարճ ժամանակահատվածում թե՛ դուք և թե՛ մեր համաքաղաքացիները կնկատեն ու կզգան դրական փոփոխությունները»,- խորհրդակցության ժամանակ ասել է Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է իր աշխատակիցներին շրջել երթուղայիններով