.jpg)
Իսլամիստների ակտիվացումը՝ իրաքահայության համար թիվ մեկ սպառնալիք
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետության» մարտիկները այսօր հայտարարել են Իրաքի ամենախոշոր Բայջիի նավթավերամշակման գործարանի գրավման մասին: Բայջիի գործարանը արտադրում է Իրաքի վառելիքի 1/3-րդը և կարևոր նշանակություն ունի այդ երկրի տնտեսության համար:
Իրաքում ծայրահեղ իսլամիստները շարունակում են իրենց վերահսկողությունը հաստատել երկրի տարբեր շրջանների նկատմամբ՝ սպառնալով հարձակվել և գրավել մայրաքաղաք Բաղդադը: Իրաքում իսլամիստների հաղթանակը կարող է փոխել Մերձավոր և Միջին Արևելքում աշխարհաքաղաքական բալանսը և թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում:
Իրաքը ինչպես հայտնի է պայմանականորեն բաժանում են երեք մասի՝ ըստ էթնիկ-կրոնական սահմանների: Իրաքի հյուսիսում կոմպակտ բնակվում են քրդերը՝ Իրաքյան Քուրդիստան, երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում բնակվում են սունիները, իսկ հարավային և հարավ-արևելյան շրջանները բնակեցված են շիաներով, որոնք էլ հանդիսանում են այդ երկրում Իրանի ազդեցության հիմնական գործոնը:
Իրաքում այս պահին իշխանության ղեկին է գտնվում վարչապետ Նուրի ալ-Մալիքին, ով հիմնական պաշտոններին նշանակել է շիաներին, դրանով հարուցելով մյուս էթնիկ-կրոնական խմբերի դժգոհությունը:
Իսլամիստները ցանկանում են օգտագործել բնակչության դժգոհությունը և հակաշիական տրամադրությունները Իրաքում իսլամական կարգեր հաստատելու համար: «Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» սունիական կազմակերպություն է, որի նպատակն է Իրաքում և Սիրիայում հաստատել իսլամական կարգեր: Նրանք սերտորեն համագործակցել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ, ինչի հետևանքով որոշ ժամանակ նրանց կոչում էին «Իրաքի Ալ-Ղաիդա»:
Այս պահի դրությամբ ծանր մարտեր են ընթանում Իրաքի տարբեր շրջաններում և իրաքյան կառավարական ուժերը փորձում են դուրս մղել իսլամիստներին նրանց կողմից գրավված քաղաքներից: Օրերս իսլամիստները իրենց վերահսկողությունն են հաստատել Սիրիայի և Հորդանանի բոլոր սահմանային անցակետերի նկատմամբ ու հասել են գրեթե Բաղդադի մատույցներին:
Իրավիճակը այնքան է սրվել, որ այսօր Բաղդադ է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ով իր աջակցությունն է հայտնել Իրաքի կառավարությանը և կոչ է արել ձևավորել լայն կոալիցիոն կառավարություն՝ սունիների, շիաների և քրդերի մասնակցությամբ:
Քերրին նաև ամերիկյան օգնություն է խոստացել ալ-Մալիքիին, ով իր հերթին հայտարարել է, որ լայն կոալիցիա կձևավորի մինչև հուլիսի 1-ը:
Պետք է նշել, որ «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» կազմակերպությունը Սիրիայում ակտիվորեն պայքարում էր Բաշար Ասադի դեմ և այժմ սիրիական ճակատից փորձում է անցում կատարել և նոր ճակատ բացել արդեն Իրաքում: Տվյալ կազմակերպությունը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից՝ ի հակակշիռ Իրաքում Թեհրանի դիրքերի ամրապնդմանը և ընդդեմ Մերձավոր Արևելքում շիական գործոնի հզորացմանը:
Բաշար Ասադի հաղթանակը նախագահական ընտրություններում և շիական կառավարությունը Իրաքում տարածաշրջանում ձևավորում են շիական կոալիցիա, որի մեջ մտնում են Իրանը, Իրաքը, Սիրիան և Լիբանանի շիական «Հզբոլահ» կազմակերպությունը: Սաուդյան Արաբիան և Քաթարը նպատակ ունեն թուլացնել իրանական ազդեցությունը տարածաշրջանում և դրա համար օգտագործում են սունիական իսլամիստական խմբավորումները՝Լիբանանում, Սիրիայում և Իրաքում:
Իրանը նույնպես զգոնությամբ հետևում է Իրաքում տեղի ունեցող զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել տեղի շիաներին, որոնք կարող է դառնան «Իրաքի և Լևանտի Իսլամական պետության» մարտիկների գլխավոր թիրախը:
Ինչ վերաբերվում է Հայաստանին և նրա շահերին, ապա պետք է նշել, որ Իրաքում ժամանակին եղել է բավականին ակտիվ հայկական համայնք: Մինչև 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000 մարդ:
Գաղութի մեծամասնությունը բնակվում էր մայրաքաղաքում, սակայն մի ստվար հատված ցրված էր երկրով մեկ (Մոսուլ, Բասրա, Քիրքուկ քաղաքներում): Իրաքահայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, նրանց մեջ եղել են նաև բժիշկներ, ինժեներներ, պետական ծառայողներ: Իրաքի Հայոց թեմն Էջմիածնական է և ունի 9 եկեղեցի, որոնցից 4 գտնվում են Բաղդադում:
Առաջնորդարանը տեղակայված է Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից, որն ամենախոշոր հայկական եկեղեցին է: Իրաքահայության ղեկավար մարմինը` Ազգային Կենտրոնական Վարչությունն է: Իրանա-իրաքյան և Ծոցի պատերազմների հետևանքով ստեղծված ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով հայկական բազմաթիվ ընտանիքներ լքեցին Իրաքը և բնակություն հաստատեցին Լիբանանում, Հորդանանում, ԱՄՆ-ում և շուրջ 1000 մարդ ապաստան են գտել Հայաստանում: Իրաքում ապրող հայերի ներկա թիվն այսօր շուրջ 13.000 է:
Այսպիսով, Իրաքում ուժեղ կենտրոնական կառավարության առկայությունը և ծայրահեղ իսլամիստների ակտիվացման թուլացումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ հայկական գործոնը Մերձավոր Արևելքում միշտ էլ հանդիսացել է Երևանի և արաբական աշխարհի միջև փոխհարաբերությունների կարևոր կապող կամուրջը: