.jpg)
Ջ. Ուորլիք. Դիվերսիաները սահմանին խոչընդոտում են խաղաղ գործընթացին
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերին կոչ են անում չդիմել այնպիսի հռետորաբանության և գործողությունների, որոնք կարող են հանգեցնել սահմանում իրավիճակի սրմանը և վնասել խաղաղ բանակցային գործընթացին:
Trend գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ժամանակաշրջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը՝ «նպատակ ունենալով շարունակել նախորդ տարվա նոյեմբերին գրանցված կառուցողական երկխոսությունը»:
Ամերիկացի համանախագահը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը և կհանդիպեն Փարիզում:
Ջ. Ուորլիքը նշել է, որ Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի կառուցվածքային բանակցությունների կոչը նույնպես հնարավորություն կընձեռնի կողմերին առաջ տանելու խաղաղության գործընթացը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, իսկ առաջնագծում նմանատիպ դիվերսիաները արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորումը, որը կարող է բարեկեցություն ու անվտանգություն պարգևել այդ տարածաշրջանի բնակչությանը: