.jpg)
«Լ. Ստեփանյանի գործով Սեյրան Օհանյանի խոստումը կանխորոշել է գործի ընթացքը»
Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ամեն ինչ արել են, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի՝ Լյուքս Ստեփանյանի հարազատներին տված խոստումը իրականանա: Այս մասին այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատաքննության ընթացքում ասաց Լ. Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով` Լ. Ստեփանյանի հարազատները հայտարարել են, որ Ս. Օհանյանը իրենց որդու մահվան համար խոստացել է պատիժ՝ 18-20 տարի կամ ցմահ ազատազրկում, ինչն էլ կանխորոշել է գործի ավարտը:
«Լյուքս Ստեփանյանի մահն արդարացիորեն առաջացրել էր նրա հարազատների դժգոհությունը և նրանք փորձել էին իրենց որդու դին բերել Երևան, ապա փակել Երևան-Սևան մայրուղին` պահանջելով, որ Պաշտպանության նախարարը հաստատի, որ Դավիթ Խաչատրյանը միտումնավոր է կրակել: Գուցե իրադրությունն է բերել այդ դրվագին, որ դեպքից ընդամենը 3 օր անց ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ, այո, Դավիթ Խաչատրյանը միտումնավոր է կրակել»,- ասաց փաստաբանը, նշելով, որ մնացած դեպքերում, երբ հարազատները ծայրահեղ քայլերի չեն դիմում, պետական մարմինները նման հայտարարություն չեն անում:
Նա անդրադարձավ նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությանը, որ Լ. Ստեփանյանի սպանության գործով մեղադրանքը հիմնավորված է:
«Գլխավոր դատախազը կա'մ ցանկանում է իր հերթին ճնշում գործադրել դատարանի նկատմամբ, կա'մ էլ հաստատում է, որ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ դատաճիռը կայացվել է մինչ դատաքննությունը»,-ասաց նա:
Ե. Սարգսյանը ասաց, որ գործում փաստեր կան, որոնք ապացուցում են, որ իր պաշտպանյալն ու Լ. Ստեփանյանը մտերիմ են եղել, և դեպքից առաջ էլ իրար հետ հայհոյանքով են խոսել, և այդ օրը արված հայհոյանքը չէր կարող պատճառ հանդիսանալ, որ Դ. Խաչատրյանը կրակեր:
«Առնվազն ողբերգական է, որ պաշտոնատար անձինք առանց որևէ փաստարկի կարող են հասնել նրան, որ Դ. Խաչատրյանը պատիժ կրի մի հանցանքի համար, որը չի կատարել: Մինչև ե՞րբ քաղաքացիները պետք է զոհ գնան պաշտոնյաների նման գործողություններին»,-ասաց նա:
Դատարանի դահլիճում գտնվող՝ Լյուքս Ստեփանյանի հարազատներից մեկը վիրավորական արտահայտություն հնչեցրեց պաշտպանի հասցեին, ինչից հետո դատավորը նրան հեռացրեց դատարանից:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրող. Դատաքննությունը հետաձգելու միտում կա