.jpg)
Ռակիտիչ. «Ես խոսքեր չունեմ»
Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը դժվարությամբ էր բառեր գտնում` Մեքսիկայի ընտրանուց կրած պարտությունը մեկնաբանելու համար:
«Այս պահին բառեր գտնելը շատ դժվար է,- Ռակիտիչի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Շատ տխուր եմ թիմիս ու երկրիս համար: Հիմա պետք է մի քիչ հանգստանանք և պատրաստվենք նոր ճակատամարտերի: Շատ դժվար է հաղթահարել այս պարտության ցավը, սակայն անհրաժեշտ է մի կողմ թողնել բացասական զգացումները և գնալ առաջ:
Գիտեինք, որ Մեքսիկայի հավաքականում որակյալ ֆուտբոլիստները շատ են: Սակայն, ընդհանուր առմամբ, մեզ հաջողվում էր վերահսկել խաղն ընդհուպ մինչև բաց թողած առաջին գոլը: Այն բանից հետո, երբ գնդակ բաց թողեցինք, մրցակցի համար ավելի հեշտ էր: Նրանք գործում էին հակագրոհներով և արդյունքում հաղթեցին: Այս բոլոր մանրուքները հսկայական նշանակություն ունեն: Իսկ այստեղ նաև հաջողությունն էր ուղեկցում մեքսիկացիներին: Մնում է միայն շնորհավորել Մեքսիկայի ընտրանուն և հաջողություններ մաղթել աշխարհի առաջնությունում: Մեքսիկացիները շատ ծանր մրցակից կլինեն հոլանդացիների համար»: