«Եթե Հասմիկ Պողոսյանը լավ քաղաքացի լիներ, իր կաշվի վրա կզգար հրմշտոցը»
24/06/2014 18:42

«Եթե Հասմիկ Պողոսյանը լավ քաղաքացի լիներ, իր կաշվի վրա կզգար հրմշտոցը»

Ինչպես հայտնի է՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ ընթացող ակցիային միացել է նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Լրագրողների հետ զրույցում Ս. Սաֆարյանը նշեց, որ ակցիայի ընթացքում որևէ բռնության քայլ չի եղել, և այդ մասին փաստեց անգամ Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանը, սակայն Ս. Սաֆարյանի խոսքով՝ բողոքը դեռ չսկսված՝ ակցիան խեղդվեց:

«Ոստիկանությունն իրավունք չունի մարդկանց խանգարել իրենց բողոքն արտահայտել: Մարդիկ բողոքելու իրավունք ունեն: Հասարակությունն իրավունք ունի մտահոգվելու այս կամ այլ խնդրի վերաբերյալ: Այս բողոքի համար հիմք է հանդիսացել մշակույթի նախարարության դիրքորոշումը, ուստի ոստիկանների գործողություններն անօրինական են»,-ասաց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ սա հատուկ որդեգրած քաղաքականություն է, որը փոխանցվել է նախորդ իշխանություններից:

«Այս պահին կանգնել եմ այնտեղ, որտեղի համար պայքարում էինք 2003 թվականին: Նախկին իշխանությունների օրոք, այստեղ բարբարոսաբար ավերվեցին բոլոր հին շինությունները: Զարմանալին այն է, որ այս և նախկին իշխանություններն առաջնորդվում են կոմունիստական մտածելակերպով, բայց նողկանք ունեն կոմունիստական շենքերի նկատմամբ. ատում են դրանք: Սա արդեն ողբերգություն է և մեր պետական համակարգը հիվանդ է»,-ասաց նա:

Հիշելով իր պայքարի տարիները՝ Ս. Սաֆարյանը նկատեց, որ այդ տարիներին էլ, ինչպես այսօր, ապօրինաբար մեկը մյուսին հաջորդեց կառավարության որոշումները, և քանդվեցին բոլոր հին շինությունները:

«Այս շենքը պետք է մնա իր տեղում, որի համար պատասխանատվություն է կրում մշակույթի նախարարությունը: Եվ եթե Հասմիկ Պողոսյանը լիներ լավ քաղաքացի, ապա ինքը պետք է իր կաշվի վրա զգար ոստիկանների հրմշտոցները, ոչ թե մեր երիտասարդները, ովքեր հիմա այստեղ են: Ես դատապարտում եմ մշակույթի նախարարի տմարդի պահվածքը, ինչն անմարդկային է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հին Երևան նախագծին՝ ապա Սաֆարյանն ընդգծեց, որ չի հավատում, որ նման բան կա:

«Հին Երևանի նշույլները անգամ չկան: Դա միամիտ խոստում է, որով ուզում են հասարակությանը մոլորեցնել և ժամանակ շահել: Մենք տեսնում ենք, որ Երևանի մաս կազմող բոլոր շինությունները հերթով վերանում են: Իսկ մեր պաշտոնյաները վերջում միայն իրենց ուսերը կթոթովեն: Այս իշխանությունները նույնպես որդեգրել են այն քաղաքականությունը, ինչ նախկին իշխանությունները, որի օրոք բարբարոսաբար քանդվեցին «Հյուսիսային պողոտա» կոչված տարածքում ապրող նախկին բնակիչների տները, որոնց իրավունքները նույնպես ոտնահարվեցին»,-ասաց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15-ից Աֆրիկյանների հուշարձանի համար պայարող քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր նախաձեռնել: Վաղ առավոտից այստեղ էին հավաքվել ոստիկանները, ովքեր ասում են, որ դեպքի վայր են ժամանել քաղաքացիների ու կառուցապատողի բողոքներով:

Նախորդող հրապարակում՝ Վ. Օսիպյան. Եթե Աֆրիկյանների վերաբերյալ դատարանի վճիռ լինի՝ կհետևենք դրան
 

«Եթե Հասմիկ Պողոսյանը լավ քաղաքացի լիներ, իր կաշվի վրա կզգար հրմշտոցը»