.jpg)
Յուրա Մովսիսյանը կազատվի զինվորական ծառայությունից
Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 26-ի նիստում կքննարկվի նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը:
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Յուրա Սերգեյի Մովսիսյանին (ծնված՝ 1987 թվականի օգոստոսի 2-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27) կազատի պարտադիր զինվորական ծառայությունից: Հետաքրքիր է, որ Յուրա Մովսիսյանի բնակության վայրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեն է: Տաղանդաշատ հարձակվողը, ինչպես երևում է, Հայաստանում բնակարան չունի:
«Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրոպայի ֆուտբոլի 2016 թվականի առաջնության նախընտրական փուլին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Յուրա Մովսիսյանը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերում։ Նախագիծը ՀՀ կառավարության նիստում կներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 606 Ա որոշմամբ Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ նրա 27-ամյակը լրանում է 2014 թվականի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։
Ավելացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ նախագահի աշխատակազմը համապատասխան փաստաթղթերով հաստատել են, որ առարկություններ և դիտողություններ չունեն: