.jpg)
Որդնած բուսական արտադրանքը խախտում չէ՞
Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից մեկը Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն պատկանող՝ Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետից հաճար է գնել, սակայն տանը հայտնաբերել է, որ հաճարը որդնած է:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՍԱՊԾ մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը նշեց, որ հաճարի մեջ որդի առկայությունը խոսում է այն մասին, որ տվյալ արտադրանքը արտադրության փուլում վարակված է եղել, որի համար պատասխանատվություն չի կրում հիշյալ մարկետը: «Տվյալ արտադրանքը վարակված է եղել հացազգի բույսերի վնասատուով, որն էլ հայտնվել է փաթեթում և իրացվել մարկետում»,- ասաց նա՝ նշելով, որ ՍԱՊԾ-ն դա խախտում չի համարում, հետևաբար ոչ միջոցառում չի նախաձեռնելու:
«Հարկ ենք համարում նշել, որ ցանկացած բուսական արտադրանքում որդի առկայությունը կախված չէ ժամկետից: Այն չի համարվում սննդամթերքի անվտանգության ցուցանիշ և վնաս չի սպառնում մարդու առողջությանը: Ամեն օր գրեթե նմանատիպ երևույթների հանդիպում ենք: Հաճախ շուկայից գնում ենք խնձոր կամ ծիրան, որոնք լինում են որդնած: Ուստի ելնելով այս հանգամանքից՝ ԳՆ ՍԱՊԾ-ն իրավունք չունի կասեցնել դրա վաճառքը մարկետում: Աշխարհում նման պրակիտիկա չկա և բուսական արտադրանքում որդի առկայությունը խախտում չի համարվում»,- պարզաբանեց նա:
Հիշեցնենք, որ քաղաքացին որդնած հաճարը սուպերմարկետ վերադարձնելուց առաջ լուսանկարել էր և լուսանկարը տրամադրել «Ժամանակ» թերթին:
Նախորդող հրապարակում՝ Որդնած հաճար՝ «Կայզեր» սուպերմարկետում