.jpg)
Արտավազդ Հովհաննիսյանը թաքցնո՞ւմ է սեփական պատվից «թանկ» անդորրագրերը
Վերջերս համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, թե սերիալներից հայտնի դերասան Արտավազդ Հովհաննիսյանը յուրացրել է 8-ամյա Էրիկի բուժման համար տրամադրված գումարը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դերասան Կարեն Մկրտչյանը իր համար կազմակերպված բարեգործական համերգի ժամանակ տեսակապով խնդրեց իր բուժման համար հավաքված գումարից ավելացած մասը տալ գլխուղեղի ուռուցքով հիվանդ վանաձորցի 8-ամյա Էրիկի ծնողներին:
Դրանից շաբաթներ անց Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ դերասան Արտավազդ Հովհաննիսյանը, ով Կ. Մկրտչյանի համար բարեգործական համերգի կազմակերպիչներ էր, այդ գումարը բեմում Էրիկի հորը տալուց հետո հետ է վերցրել` խոստանալով ավելացնել, սակայն դրանից 2 ամիս անց էլ որևէ գումար նրանց հաշվեհամարին գումար չի փոխանցվել:
Aysor.am-ը այս գրառումը տեղադրելուց առաջ կապ հաստատեց Արտավազդ Հովհաննիսյանի հետ` լսելու համար նրա կարծիքը ևս:
Դերասանն ասաց, որ տեղյակ է այս գրառման մասին, և գումար, իրոք, չի փոխանցվել, սակայն դա եղել է այն պատճառով, որ երեխայի հայրը սխալ հաշվեհամար է տվել և գումարը փոխանցվել է գոյություն չունեցող հաշվեհամարին ու, բնականաբար, հետ գնացել փոխանցողի հաշվեհամարին, իսկ իրենք դրանից 2 ամիս անց պատահաբար ստուգել են հաշվեհամարը և ավել գումար տեսնելով` հասկացել, որ գումարը տեղ չի հասել:
Նա ասաց, որ գտնվում է Ռուսաստանում, սակայն թողնելու է իր գործերը և գա Հայաստան, իսկ իր մասին նման հրապարակում կատարած լրագրողը պատասխան է տալու, քանի որ խոսքը իր բարի համբավը վարկաբեկելու մասին է. «Ես այդքան տարի աշխատում եմ թատրոնում և հեռուստատեսությունում, 200 դրամի համար ինչո՞ւ պետք է իմ անվան հետ խաղայի»,- ասաց նա:
Դերասանը վստահեցրեց, որ կան բանկի այն անդորրագրերը, որով երևում է, որ փոխանցումը կատարվել է ժամանակին և խոստացավ դրանք տրամադրել մեզ:
Հունիսի 19-ին դերասանը Երևանում էր և պայմանավորվածություն կար, որ Ա. Հովհաննիսյանը Aysor.am-ի խմբագրություն պետք է գա ժամը 14.00-ից հետո, սակայն ժամը 13.30-ին նա զանգահարեց և ասաց, որ մեր խմբագրության մոտ է և ցանկանում է հիմա խոսել:
Դերասանը եկել էր առանց փոխանցում կատարելու մասին որևէ փաստաթղթի, ինչը ավելի տրամաբանական կլիներ, քանի որ ցանկացած բառերի փոխարեն դա կլիներ իր անմեղության ամենախոսուն ապացույցը:
Դերասանը պատմեց, որ «օրինական ճանապարհով պետք է ցույց տար, որ կատարել է փոխանցում, իսկ այդ գումարը հաշվապահ Վարդանը փոխանցել է Էրիկի հոր տված հաշվեհամարին»:
«Թղթի վրա էր գրված, պարզվել է՝ մի թիվը սխալ է գրված եղել, դրա համար էլ փոխանցումը արվել է գոյություն չունեցող հաշվեհամարի: Հետո ստուգել ենք և պարզվել է, որ այդ գումարը մեր հաշվին է նստած ու հետ է եկել, բայց ես այստեղ չեմ եղել և չեմ իմացել դա»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք կա՞ որևէ անդորրագիր, որ նման գործարք կատարվել է բանկում, դերասանը պատասխանեց, որ կան և խոստացավ դրանք, ինչպես նաև երեխայի ճիշտ հաշվեհամարին արվելիք փոխանցման անդորրագրերը, տրամադրել հաջորդ օրը: Սակայն հաջորդ օրը Ա. Հովհաննիսյանը ասաց, որ խնդիրներ են առաջացել և այդ հաշվեհամարի վրա կալանք է դրված, դրա համար էլ ինքը փոխանցում անելու է երկուշաբթի և այդ բոլոր թղթերով երկուշաբթի օրը նորից կգա խմբագրություն:
Երկուշաբթի օրն էլ, պարզվեց, որ փոխանցումը կատարվել է շաբաթ օրը, ինքը արդեն Ռուսաստանում է, երեքշաբթի օրը գալու է և բերի բոլոր փաստաթղթերը, սակայն երեկ՝ հունիսի 24-ին պարզվեց, որ ինքը առայժմ չի տալու այդ անդորրագիրը, քանի որ դա իր դեմ կազմակերպված քայլ է և ինքը շուտով մամուլի ասուլիս է կազմակերպելու այն բոլոր լրատվամիջոցների համար, ովքեր առանց իր հետ խոսելու՝ գրել են այս մասին:
Հարցին՝ իսկ դա ի՞նչ կապ ունի անդորրագրերը տալու հետ, դերասանը սկսեց պատմել, որ Էրիկի հորը այս հրապարակումներից հետո սկսել են սպառնալ և անգամ թույլ չեն տվել խոսել այս թեմայի առնչությամբ:
Էրիկի հայրը՝ Արթուր Գալստյանը, ով այժմ գտնվում է Մոսկվայում, Aysor.am-ի թղթակցի հետ, այնուամենայնիվ, խոսեց ու ասաց, որ իրեն որևէ մեկը չի ահաբեկել, ինքը անգամ ցանկություն չի հայտնել որևէ լրատվամիջոցի հետ խոսել այս թեմայի շուրջ:
«Ինձ միայն իմ երեխայի առողջական վիճակն է անհանգստացնում: Վաղը նրան նորից են վիրահատելու և սկսվելու է քիմիաթերապիայի կուրսը: Արտավազդը ցանկացել է երեխային տեսնել վերջերս, նա եկել է հիվանդանոց և ցույց տվել նոր կատարված փոխանցման անդորրագիրը, բայց իմ տեղեկություններով, այդ գումարը դեռևս չի նստել հաշվեհամարի վրա»,-ասաց նա:
Արթուր Գալստյանը ասաց, որ միակ մարդը, ով կարող է ստուգել հաշվեհամարը՝ բլոգեր ԱնուշԱնահիտն (AnushAnahit) է:
Չնայած բլոգերը հունիսի 22-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր փոխանցման անդորրագիրը և գրել, որ փոխանցումը արվել է, սակայն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գումարը, իրոք, դեռևս չի նստել հաշվեհամարին, սակայն, հնարավոր է, երեկոյան կամ վաղը նստի:
Մեր պնդմանը՝ արդյոք դա հնարավոր չէ՞ հեռախոսով պարզել բանկից, բլոգերը մի քանի րոպե անց պատասխանեց, որ այո, փոխանցումը արված է՝ 212 հազար դրամ:
Պատմությունը, սակայն, սրանով չի ավարտվում, քանի որ դեռևս չեն հրապարակվել գոյություն չունեցող հաշվեհամարին կատարված վճարման անդորրագրերը, եթե, դրանք, իհարկե, կան:
Նախորդող հրապարակում՝ Ա. Հովհաննիսյան. 8-ամյա Էրիկի բուժման գումարը փոխանցվել է սխալ հաշվեհամարի