Դատախազը՝ Սարյանի դեպքերի մասին. Երբեմն ոստիկանը պարտավոր է ուժ գործադրել
25/06/2014 18:41

Դատախազը՝ Սարյանի դեպքերի մասին. Երբեմն ոստիկանը պարտավոր է ուժ գործադրել

Ոստիկանը որոշ դեպքերում պարտավոր է ֆիզիկական ուժ գործադրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Սարյան փողոցում ակտիվիստների և ոստիկանների բախմանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, դատախազության մամուլի ծառայությունը շատ է ուշադրություն դարձնում ոստիկանության կողմից կիրառված բռնության և ֆիզիկական ուժի վերաբերյալ հրապարակումներին:

«Կարող եմ միանշանակ ասել, որ ոստիկանության կողմից ֆիզիկական ուժի գործադրումը մտնում է ոստիկանի գործառույթների մեջ և ուժի չգործադրումը կարող է ոստիկանին պատասխանատվության ենթարկելու հիմք դառնալ: Ինչո՞ւ, որովհետև հատուկ միջոցներով ֆիզիկական ուժ գործադրելը ոստիկանի կողմից սահմանված է օրենսդրությամբ, և «ՀՀ ոստիկանության» մասին օրենքի 4-րդ գլուխը ամբողջովին նվիրված է դրանց կիրառման կարգին: Շատ դեպքերում ոստիկանության պահանջին չենթարկվելու դեպքում ոստիկանը իրավունք ունի կիրառելու ֆիզկական ուժ: Դա շատ դեպքերում անհրաժեշտ է և պարտավորություն է լինում ոստիկանի համար: Այլ հարց է, որ մենք պետք է խոսենք այդ ֆիզիկական ուժի կիրառման համաչափության մասին:

Ոստիկանը ֆիզիկական ուժ կարող է կիրառել այն դեպքում, երբ իր աշխատանքի կատարումը այլ միջոցներով հնարավոր չէ: Այսինքն՝ նման դեպքերում մենք պետք է խոսենք ոստիկանի կողմից կիրառված ուժի անհրաժեշտության և համաչափության մասին, ինչը լրացուցիչ քննարկման կարիք ունի: Իսկ ինչ վերաբերվում է Սարյան փողոցում ոստիկանի կողմից կիրառված ֆիզիկական ուժին, ապա ասեմ, որ համապատասխան քննություն է կատարվում, որ այն անձինք, ովքեր դիմել են, կամ կդիմեն իրենց նկատմամբ կիրառված բռնության մասին հաղորդումներով, մենք կուսումնասիրենք դրանք: Այժմ մի շարք անձինք տվել են դիմումներ և քննություն է կատարվում: Իրավական գնահատական կտրցի նաև այն անձանց, ովքեր բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ Աֆրիկյանների շենքի մոտ ոստիկանները փակել են հետիոտնի անցումը 

Դատախազը՝ Սարյանի դեպքերի մասին. Երբեմն ոստիկանը պարտավոր է ուժ գործադրել