Գլխավոր դատախազ. Որևէ արդար, անմեղ մարդ չի ենթարկվի պատասխանատվության
25/06/2014 17:42

Գլխավոր դատախազ. Որևէ արդար, անմեղ մարդ չի ենթարկվի պատասխանատվության

«Որևէ դատախազի կողմից կոռուպցիոն ցանկացած դրսևորում ստորություն է, անբարոյական վարքագիծ դատախազության նկատմամբ և ցանկացած դատախազ կպատժվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ վերջին 9 ամիսներին կադրային փոփոխությունների արդյունքում դատախազության համակարգից դուրս է եկել ավելի քան 80 դատախազ, որոնց թվում եղել են ազնիվ և պրոֆեսիոնալ մասնագետներ, ինչպես նաև դատախազներ, որոնց
գործունեությունն անհամատեղելի է եղել նոր աշխատաnքային չափանիշներին:

«Աշխատանքի սկզբում ես առաջարկեցի 4 հիմնական պահանջ՝ կաշառքի բացառում, պրոֆեսիոնալիզմ, աշխատասիրություն, ապաքաղաքականացում: Այս չորս պահանջներին որևէ դատախազ, եթե չի բավարարի, ապա իր կամքով ազատվում է աշխատանքից»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Գ. Կոստանյանի խոսքով՝ կադրային փոփոխությունները դատախազության համակարգում անհրաժեշտություն էին, քանի որ բնական սերնդափոխություն է, իսկ դատախազական համակարգը համալրվել է նոր, երիտասարդ, գիտական մտածելակերպ ունեցող մասնագետներով, ինչը կնպաստի դատախազի նոր կերպարի ձևավորմանը:

Անդրադառնալով դատախազական համակարգում կատարված կառուցվածքային փոփոխություններին` նա ասաց, որ դրանց նպատակն այն է, որ կառուցվածքային ստորաբաժանումները մասնագիտանան ըստ դատախազական լիազորությունների, այսինքն, որ դատախազը հնարավորություն ունենա մասնագիտանալ ոչ թե ըստ հանցագործության բնույթի, այլ ըստ դատախազական լիազորությունների:

«Փոփոխությունների արդյունքում ունենք 4-5 ֆիլտր և վերահսկողության ուժեղացումը կհանգեցնի նրան, որ ապօրինի, անօրինական, ոչ պատշաճ հիմնավորված դատախազական ակտ չենք ունենա»,-ասաց նա՝ նշելով, որ այս մեխանիզմը արդեն գործում է և կան որոշակի հաջողություններ:

«Որևէ արդար, անմեղ մարդ չի ենթարկվի պատասխանատվության: Ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: Ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա»,- ասաց Գ. Կոստանյանը: 

Հարցին՝ նախկին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ժամանակ նման դեպքեր եղե՞լ են, նա պատասխանեց, որ կարող է խոսել միայն իր պաշտոնավարման շրջանի մասին և նախկինի գործունեության մասին գնահատական տալ չի կարող:

Գլխավոր դատախազ. Որևէ արդար, անմեղ մարդ չի ենթարկվի պատասխանատվության