Սուրեն Շահվերդյան. Մենք դեռ կիսամահմեդական մի երկիր ենք
25/06/2014 17:59

Սուրեն Շահվերդյան. Մենք դեռ կիսամահմեդական մի երկիր ենք

Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն այն կարծիքին է, որ այսօր խաղացանկային թատրոններում մեծ մասամբ անհետաքրքիր, ոչ արդիական, ժամանակավրեպ ներկայացումներ են: Life.panorama.am-ի հետ զրույցում նա անդրադարձել է իր բեմադրած վերջին ներկայացմանը, խոսել է հայ թատրոնի ներկայիս խնդիրներից, երկրում առկա իրեն հուզող հարցերից: Չենք շրջանցել նաև «Չէին սպասում» հաղորդման շրջանակներում սուր հարցադրումներով հանդես եկող հաղորդավար Սուրենի կերպարը:

-Դուք դեռ համարվում եք ազատ ստեղծագործո՞ղ, թե՞ հիմնավորվել եք որևէ թատրոնում:

-Սունդուկյանի անվան թատրոնից հեռանալուց հետո ոչ մի թատրոնում չեմ հիմնավորվել:

-Այժմ Դրամատիկական թատրոնում հանդիսատեսը կարող է դիտել ձեր բեմադրած ներկայացումը՝ «Սև, դառը շոկոլադը»: Այստեղ ներկայացվում է կին-տղամարդ հարաբերությունը և մտորելու առիթ է տրվում՝ ի վերջո, նրանցից ով է ճիշտ: Իսկ ո՞րն է հարցի շուրջ ձեր տեսակետը:

-Մինչ օրս իմ բեմադրած բոլոր ներկայացումները կնոջ, նրա ցավի մասին են: Պիեսի հեղինակի՝ Էմմա Պետրոսյանի հետ համաձայն եմ. այնուամենայնիվ, ինքս էլ մի փոքր ավելի կնոջ կողմն եմ: Կարծում եմ, հատկապես՝ մեր տարածաշրջանում, կանայք լուրջ խնդիրներ ունեն: Մենք դեռ կիսամահմեդական մի երկիր ենք, որտեղ տղամարդը համարում է, որ ինքն է աստվածը: Կնոջ հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, ոչ նրբանկատ է:

-Կա՞ միջազգային մի փառատոն, որին պատրաստվում եք առաջիկայում մասնակցել:

-Ոչ, այդպիսի փառատոն չկա: «Սև, դառը շոկոլադով» պետք է հանդես գանք ԱՄՆ-ում, բանակցություններ կան նաև, որ այն ներկայացվի Ֆրանսիայում: Այնպես որ, աշնանը զբաղվելու եմ այս ներկայացման ճակատագրով, այն հանձնելու ենք արտերկրի մեր հանդիսատեսի դատին:

-Այսօրվա թատրոնների աշխատանքը կողքից նայելով՝ ի՞նչ բացթողումներ եք տեսնում:

-Խաղացանկային թատրոններում մեծ մասամբ անհետաքրքիր, ոչ արդիական, ժամանակավրեպ ներկայացումներ են: Մեր հասարակությունում կատարվում են բաներ, որոնք հրատապ են, իսկ այսօր որոշ թատրոններ սովետական թեմաներով պիեսներ են բեմադրում և դրա համար ֆինանսավորվում են պետության կողմից: Յուրաքանչյուր ներկայացում վերաբաշվում է մի քանի հոգու մեջ և վերջիններս տարիներ շարունակ նույն անհեթեթությունը մատուցում են հանդիսատեսին: Նաև այդ է պատճառը, որ թատրոններն այսօր հանդիսատեսի պակաս ունեն:

-Բայց այսօր դերասանները, ռեժիսորները ամենուրեք պնդում են, որ Հայաստանում թատրոնները հանդիսատեսի պակաս շատ չունեն, և այդ խնդիրը այնքան սուր չէ, որքան ներկայացվում է:

-Հանդիսատեսի պակաս չունի Կամերային թատրոնը, Դրամատիկականը, որտեղ բեմադրվում են լավ ներկայացումներ, բայց մյուս թատրոնները տոմս վաճառելու խնդիր ունեն:

 -Դուք եղել եք մի շարք երկրների թատրոններում. ի՞նչ կա այնտեղ, որ պակասում է մեզ մոտ:

-Կա նոր շունչ, կան ժամանակակից թատերական արտահայտչամիջոցներ, լուրջ, պրոֆեսիոնալ դերասաններ: Մենք այսօր թատրոնում չենք կարող ամեն պիես վերաբաշխել, քանի որ կան այնպիսիք, որոնք եթե Հայաստանի բոլոր դերասաններին էլ հավաքես, չենք կարող բեմադրել:

-Որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ձեզ «հռչակեց» տարվա ամենաինքնահավան հաղորդավար: Ի՞նչ կասեք նրան և մյուսներին, ովքեր ևս այդ կարծիքին են:

-Ես ինձ համարում եմ բավականին համեստ մարդ, իսկ հաղորդման շրջանակներում անում եմ ամեն բան, որ այն հետաքրքիր անցնի: Այդտեղ ես հանդես եմ գալիս որպես ռեժիսոր, ով կողքի աչքով նայում է ու որոշում, թե ինչը կարող է հետաքրքրել հեռուստադիտողին: Եթե այսօրվա թատրոնը լավ վիճակում լիներ, դուք ինձ երբեք էկրանին չէիք տեսնի: Եթե նկատել եք, ես խուսափում եմ կադրից: Անկեղծ ասած, ես հոգնել եմ կադրից, ուղղակի, միայն թատրոնում ներկայացումներ բեմադրելով, չեմ կարող պահել ընտանիքս:

-Որոշ մարդիկ պնդում են, որ դուք, երբեմն, փորձում եք ինքնահաստատվել՝ այն մարդու հաշվին, ում հյուր եք գնացել:

-Ես փորձում եմ ինքնահաստատվել իմ ներկայացումներում, իսկ հաղորդման շրջանակներում, կրկնում եմ, անում եմ այնպես, որ այն շատերին հետաքրքրի: Ես հյուր եմ եղել այնպիսի անձանց, ինչպիսիք են Սոֆիկո Ճիաուրելին, Կոնստանտին Օրբելյանը: Հիմա նրանք չկան, բայց այդ հաղորդումները պահպանվել են…իսկ ինքնահաստատվել նրանց կողքին՝ ծիծաղելի է, ինքնահաստատվել մյուսների կողքին՝ ավելի ծիծաղելի է:

-Այսօր մեր երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, առկա է քաղաքացիական ակտիվություն. դուք հետևու՞մ եք այդ գործընթացներին:

-Այո, և կարծում եմ, որ բոլոր խնդիրները, որոնք բարձրացվում են ժողովրդի կողմից, դրանք առկա են. ժողովուրդը հենց այնպես փողոց դուրս չի գա: Այդ երիտասարդները վաղվա մեր լավ սերունդն են, մարդիկ, ովքեր կարող են հարցեր լուծել:

-Ձեր երեխաների ապագայի առումով ի՞նչ առաջնային մտահոգություններ ունեք:

-Իմ զավակները լուրջ իմունիտետի խնդիր ունեն այս հասարակության մեջ: Նրանք դաստիարակվել են այնպես, որ աշխարհը տեսնում են այլ կերպ, շատ մաքուր են: Դա և´ մեծագույն ձեռքբերում է, և´ կարող է պատճառ դառնալ, որ նրանք խորտակվեն: Եթե մենք չկարողանանք մեր հասարակությունը փոխել, կուզենայի, որ դպրոցից հետո նրանք սովորեին արտերկրում:

-Ի՞նչ է՝ այնտեղ խնդիրներ չկա՞ն:

-Իհարկե՝ կան, բայց ես կուզենամ, որ լավ հասարակության մեջ մեծանան: Թեպետ ասեմ, որ երկուսն էլ շատ հայրենասեր են, երևի այդ հատկությունը պապիկից են ժառանգել: Ամեն դեպքում, ես ձգտում եմ այստեղ ինչ-որ բան փոխել, քան գնալ այլ բարեկեցիկ տեղ: 

Սուրեն Շահվերդյան. Մենք դեռ կիսամահմեդական մի երկիր ենք