Խաչիկ գյուղի բնակիչը ձեռնափայտով 2 անգամ հարվածել է հարևանուհուն
26/06/2014 19:05

Խաչիկ գյուղի բնակիչը ձեռնափայտով 2 անգամ հարվածել է հարևանուհուն

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դադարեցրել է Խաչիկ Գյուղի բնակիչ 41-ամյա Վահիկ Միքայելյանի դեմ քրեական հետապնդումը՝ իր դեմ հայց ներկայացրած հարևանուհու հետ հաշտվելու հիմքով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

2014 թ. փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Է.Ավդալյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործը՝ Վահիկ Միքայելյանի կողմից Անահիտ Գրիգորյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու փաստի վերաբերյալ: Վարույթն իրականացնող մարմնի 2014 թ. փետրվարի 19-ի որոշմամբ Վահիկ Միքայելյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ Վ. Միքայելյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, 2014թ. հունվարի 27-ին տեղեկանալով համագյուղացի Անահիտ Գրիգորյանի կողմից իր հասցեին գյուղում անհիմն արտահայտություններ անելու մասին, պարզաբանումներ ստանալու նպատակով, նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է վերջինիս առանձնատուն, որտեղ նույն հարցի շուրջ վերջիններիս միջև տարաձայնություն ու վեճ է առաջացել:

Վ. Միքայելյանը վեճի ընթացքում Ա. Գրիգորյանի կողմից իր աղջիկների հասցեին հնչեցրած արտահայտությունից զայրացած հյուրասենյակում դրված ձեռնափայտով երկու անգամ հարվածել է նրա աջ և ձախ ուսերին, որից հետո Ա. Գրիգորյանը զանգահարել և կատարվածի մասին հայտնել է համայնքապետին:

Վ. Միքայելյանը դրանից կրկին զայրանալով նույն ձեռնափայտով ևս երկու անգամ հարվածներ է հասցրել նրա կոնքի շրջանում, պատճառելով` ձախ ուսահոդի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, ձախ կոնքազդրային հոդի, ձախ ազդրի շրջանների մեկական արյունազեղումների, ձախ ուսահոդի և ձախ կոնքազդրային հոդի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի ձևով մարմնական վնասվածքներ` Անահիտ Գրիգորյանի առողջությանը հասցնելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Քրեական գործը դատական քննության նշանակելուց հետո, նույն օրը՝ 2014թվականի հունիսի 17-ի դատարանում ստացվել է տուժող Ա. Գրիգորյանի դիմումը, համաձայն որի՝ վերջինս նախաքննության ընթացքում բողոքել է ամբաստանյալ Վահիկ Միքայելյանի դեմ, սակայն վերագնահատելով իր գործողությունները, հետ է վերցնում բողոքը, գտնում է, որ նա արդեն ուղվել է և զղջացել կատարածի համար:

 

Խաչիկ գյուղի բնակիչը ձեռնափայտով 2 անգամ հարվածել է հարևանուհուն