.jpg)
Դել Բոսկե. «Պետք է արժանին մատուցենք մրցակիցներին»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շատ է տխրել, որ իր թիմը դուրս է մնացել աշխարհի առաջնությունից:
«Կան բաներ, որոնց համար հարկ է արտասվել, սակայն, բարեբախտաբար, ես նման մարդկանցից չեմ: Մարզիկ եմ, և ինձ համար պարտությունից ավելի վատ բան չկա,- դել Բոսկեի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Բոլորն էլ ուզում էին, որ մենք անցնենք հաջորդ փուլ, մինչդեռ աշխարհի առաջնությունը յուրահատուկ մրցաշար է: Պետք է ընդունենք ողջ քննադատությունը, քանզի մեր առաջին երկու խաղը դժվար է նորմալ համարել: Անհրաժեշտ խաղամակարդակ չապահովեցինք:
Մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք, բայց նաև պետք է արժանին մատուցենք մրցակիցներին: Չիլիի ու Հոլանդիայի հավաքականներն ավելի լավն էին: Մրցակցի գերազանցությունը խոստովանելը նորմալ է: Իսկ հիմա ուղղակի անհրաժեշտ է առաջ շարժվել:
Այժմ ուզում եմ հանգստանալ իմ տանը: Կխոսեմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու գլխավոր քարտուղարի հետ, և մենք, ինչպես նախկինում, կորոշենք, թե որն է ավելի ճիշտ իսպանական ֆուտբոլի համար: Հաշվի կառնվեն շատ հանգամանքներ:
Ինչ վերաբերվում է Վիլյայի` հավաքականից հեռանալու որոշմանը, ապա նա այդ լուրը հայտնել է լրագրողներին, բայց ոչ ոք ինձ այդ մասին չի տեղեկացրել»: