Արարատում զինվորի մահվան գործով ձերբակալված սերժանտը կալանավորվեց
26/06/2014 18:23

Արարատում զինվորի մահվան գործով ձերբակալված սերժանտը կալանավորվեց

Հունիսի 20-ին Արարատի զորամասերից մեկի մարտական հենակետում հրազենային վիրավորում ստանալու հետևանքով մահացած զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործով ձերբակալված նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանն այսօր կալանավորվել է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ Քննչական ծառայության ավագ սպա Մերի Խաչատրյանը.

«Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 375 հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել )»,- ասաց Մերի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

23.06.2014թ.-ին, դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:

Նախորդող հրապարակում՝ Արարատում զինվորի մահվան գործով կա ձերբակալված

Հայտնի է Արարատում զոհված զինվորի ինքնությունը 

Արարատում զինվորի մահվան գործով ձերբակալված սերժանտը կալանավորվեց