.jpg)
Համո. Երկրորդ երեխայի սեռն ինձ համար կարևոր չէ. Life.panorama.am
Ռեփեր Համոն, ով տևական ժամանակ է՝ հանդես է գալիս թատերական ներկայացումներում, նկարահանվում է «Քաղաքում» սերիալում՝ կերտելով Ռշտունի դերը, ասում է, որ երիտասարդության շրջանում իրեն ամենաշատը հուզող խնդիրը անտարբերությունն է: Հենց այդ թեման էլ արծարծվում է վերջին ներկայացման մեջ, որտեղ նա խաղում է: Life.panorama.am-ի հետ զրույցում Համոն անդրադարձել է նաև իր ընտանիքի, դերասանուհի, ռեժիսոր կնոջ և ապագա բալիկին:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ռեփեր Համոն հանկարծ սկսեց հանդես գալ թատրոնում ` թատերականացված ռեփ - երեկոների շրջանակներում:
-Շուրջ չորս տարի առաջ որոշեցինք թատրոնում ներկայացում-մենահամերգ կազմակերպել և բեմադրել այն խամաճիկներով: Ասեմ, որ շատ լավ ստացվեց, հետո Լիկան՝ կինս, զգաց, որ իր հույսերն արդարացան, առաջարկեց, որ կրկին բեմ բարձրանամ, և աստիճանաբար սկսեցի ընդգրկվել ներկայացումների մեջ:
-Դուք, թերևս, առաջինն էիք Հայաստանում, ով փորձեց ներկանայալ թատերականացված ռեփ – երեկոներով. հիմա է՞լ եք հանդես գալիս նման նախաձեռնություններով:
-Դրանք, իհարկե, շատ լավ ընդունվեցին հանդիսատեսի կողմից, սակայն խիտ գրաֆիկի պատճառով այժմ ռեփը մղվել է երկրորդ պլան:
-Համերգների ժամանակ նշում էիք, որ Երևանն ու նոր ջահելությունը ձեզ «դզում են», իսկ ի՞նչը նրանց շրջանում ձեզ «չի դզում»:
-Նրանց շրջանում տիրող անտարբերությունը: Վերջերս տեղի ունեցավ «Ինչ էր պատահել գազանանոցում» ներկայացման պրեմիերան: Այնտեղ ես հանդես եմ գալիս Փիթերի դերում, ով ունի կին, երկու թութակ, նրա կյանքում ամեն բան կարգին է, սակայն այս հերոսը անտարբեր է իր շրջապատի նկատմամբ: Փիթերի այդ անտարբերությունը առկա է նաև մեր բոլորի շրջանում: Բացի այդ՝ երիտասարդության զգալի մասը ուզում է գնալ երկրից և քչերն են մտածում՝ ոնց անեն, որ լավ լինի:

-Կարծեմ, մի ժամանակ մտադիր էիք մարիոնետներով տեսահոլովակ նկարահանել. իրականացրեցի՞ք այդ գաղափարը:
-Դեռ ոչ, նախ՝ հագեցած գրաֆիկի պատճառով: Հիմա սովորում եմ Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետում, առաջիկայում այդ գաղափարը կիրկանացնեմ կուրսային աշխատանքի շրջանակներում, տեսահոլովակի ռեժիսորը կլինեմ ես:
- Ձեր կինը՝ Լիլի էլբակյանը, թերևս ձեր լավագույն խորհրդատուն է, այո՞:
-Այո, առանց նրա խորհուրդների շատ դժվար կլիներ: Ես կնոջիցս ամեն օր շատ բան եմ սովորում: Նա մեծ փորձառություն ունի և խորհուրդ ստանալն ինձ համար մեծ օգնություն է:
-Ձեր դուստրը մեծանում է արվեստագետների ընտանիքում, կուզենայի՞ք՝ ինքն էլ բեմի մարդ դառնար:
-Ես կուզենայի նա դառնար այն, ինչ ինքը կցանկանար: Ասեմ, որ մեկ տարեկանից դիտում է մեր ներկայացումները, կարող է ժամերով նայել՝ առանց լացի և շատ ճիշտ է արձագանքում ամեն բանի, հետո գալիս է տուն ու խաղում այն, ինչ տեսել է (ծիծաղում է):
- Փոքրիկ Էլմին հայրիկի, թե՞ մայրիկի խաղն է ավելի հավանում:
-Ինձ է ճանաչում բեմից, քանի որ ես եմ մանկական ներկայացումներում խաղում: Լիկան ասում է՝ այս երեխան կմտածի, թե մեր միջի դերասանը դու ես: Զավեշտալի է նաև, երբ փողոցում ճանաչում են ինձ, իսկ տեսնելով Լիկային, ով փորձառու դերասան և ռեժիսոր է, ասում են՝ Ռշտունի կինն է:
-Արդեն հայտնի է, որ սպասում եք ձեր երկրորդ բալիկին, ձեզ համար նրա սեռը նշանակություն ունի՞:
-Ոչ, բալիկի սեռը ինձ համար կարևոր չէ: Առհասարակ, մանավանդ՝ առաջին երեխայի դեպքում բոլորը տղա են ուզում ունենալ, բայց ես ասեմ, որ իմ աղջկան հազար տղայի հետ չեմ փոխի. աղջիկն ուրիշ աշխարհ է:
-Ապագա փոքրիկի համար զգեստներ, խաղալիքներ գնե՞լ եք:
-Երկու հարկանի մահճակալ ենք գնել, որի երկրորդ հարկում քնում է Էլմին, իսկ առաջինում նախատեսում ենք քնեցնել ապագա փոքրիկին:
-Դուք հոգեբանորեն պատրա՞ստ եք երկրորդ անգամ հայրանալուն:
-Երբ անգամ երեխան արդեն ծնվում է, էլի չես գիտակցում այդ պահը, և միայն երբ բերում ես տուն, արթնանում ես նրա կողքին, նոր հասկանում ես, որ հայր ես դարձել: