«Երևանում գործող աղանդի «բուժումներից» մեկ ամսում 3 մարդ է մահացել»
27/06/2014 19:10

«Երևանում գործող աղանդի «բուժումներից» մեկ ամսում 3 մարդ է մահացել»

Երևանում գործում է «Արևաբուժություն» անունով աղանդ, որը խոստանում է բուժել իր հետևորդներին, բայց այդ «բուժումների» հետևանքով մեկ ամսում արդեն 3 մարդ մահացել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը.

«Այս աղանդը գործել է նախ Փարաքարում, իսկ հիմա ակտիվորեն գործում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սևակ փողոցի 24 շենքում»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ աղանդի հիմնադիրն է Աքսել և Ծովինար անունով ամուսնական զույգը.

«Ամուսինները խոստանում են, որ իրենց բուժումներով կարող են վերացնել ցանկացած հիվանդություն, իրենց հաճախորդներին պարտադրում են, որ օրական 3 լիտր թեյ ու աղ կամ կաթ ու աղ խմեն ու փոխարենը պահանջում են հին ոսկյա իրեր»,- պատմեց Սևակ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ իրերը նրանք վաճառում են «Ոսկե շուկայում»:

«Նրանց այդ «բուժիչ» ըմպելիքը քայքայում է մարդկանց ստամոքսն ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառ դառնում: Մեկ ամսվա մեջ արդեն երեք մահ է արձանագրվել»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:
 

«Երևանում գործող աղանդի «բուժումներից» մեկ ամսում 3 մարդ է մահացել»