Նոր դեսպանների նշանակումը բանանի կեղև է Սերժ Սարգսյանի ոտքի տակ. Քաղաքագետ
27/06/2014 14:46

Նոր դեսպանների նշանակումը բանանի կեղև է Սերժ Սարգսյանի ոտքի տակ. Քաղաքագետ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, վաստակաշատ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի դեսպան նշանակումը լուրջ քաղաքական վրիպում է: Այսպես է կարծում քաղաքագետ Արման Նավասարդյանը, ում համոզմամբ, Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է իր սխալ դիվանագիտական մարտավարությունը:

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Յուրի Վարդանյանը, իսկ ԱՄՆ-ում՝ Տիգրան Սարգսյանը:

«Դիվանագիտության կարդային ոչ պրոֆեսիոնալիզմի մասին ես վաղուց եմ բարձրաձայնել: ՀՀ ԱԳ նախարարությունը լուրջ վրիպումներ ունի կադրային քաղաքականության հարցում: Եթե մինչ այդ մենք խոսում էին օլիգարխների նշանակումների մասին, ապա այսօր լուրջ դիվանագիտական առաքելություն պետք է վարի լեգենդար մի սպորտսմեն, ով չունի համապատասխան փորձ»,- ասուլիսում ասաց նա:

Թեև Ա. Նավասարդյանը դժվարացավ նշել, թե ինչն է հիմք հանդիսացել այդպիսի նշանակուկների համար, սակայն մի բանում վստահ է. Յուրի Վարդանյանը չի կարող այդ ծանրաձողը բարձրացնել.

«Նման նշանակումը սխալ է մասնավորապես Վրաստանի նման երկրում: Վրաստանը Հայաստանի համար ունի առանցքային նշանակություն: Գոյություն ունի վրաց-ադրբեջանական, վրաց-թուրքական, վրաց-ռուսական հարաբերություններ, Ջավախքի, վիրահայերի, հայկական եկեղեցիների խնդիրներ, որոնք անշուշտ պետք է հաշվի առնեին: Նման պարագայում անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագետի նշանակումը սխալ է և ոչ արդյունավետ»,-շարունակեց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ մեր ցավալի խնդիրների հիմնական պատճառը հենց նման նշանակումներն են:

Նա հիշեց նաև Շ. Ազնավուրի՝ Շվեյցարիայում դեսպան նշանակելը, որի հետևանքով Հայաստանը լուրջ դիվանագիտական բացթողումներ ունեցավ:

«Հասկացողնեը բարձրաձայնեցին, որ չի կարելի նման մեծության աստղին նշանակել դեսպան և հայտնվել «փափուկ» դիվանագիտական իրավիճակում: Ազնավուրը մի քանի անգամ դեսպան լինելով հանդերձ կոպիտ կերպով խախտեց իր առաքելությունն ու խաղի կաննոները: Նա սխալ հայտարարություններով հանդես եկավ և քննադատեց մեր արտաքին քաղաքականությունը»,- հավելեց նա՝ շեշտելով, որ եթե Ազնավուրի նշանակումը «բանանի կեղև» էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ոտքի տակ, ապա Վարդանյանի նշանակումը երկրորդ կեղևն է նրա համար:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա Նավասարդյանի համոզմամբ՝ թեև նա ունի լուրջ աշխատանքային փորձ, համապատասխան բարձրակարգ կրթություն, և նրան Հայաստանում վարչապետ նշանակելու համար միջնոդրել էր ԱՄՆ-ը, այնուամենայնիվ՝ այս նշանակումը ևս կոպիտ բացթողում է Հայաստանի համար:

«Դժվարանում եմ նախ ասել, թե նա ինչպիսի դեսպան կարող է լինել, բայց հաշվի առնելով նրա անվան շուրջ ծավալվող սկանդալը, նրան դեսպան նշանակելը նույնպես կոպիտ սխալ է, այն էլ այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է»,-ասաց նա:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ թեև ինքը չունի անձերի նկատմամբ խնդիր, բայց նույնպես գտնում է, որ այդ նշանակումները սխալ են:

«Մեր հասարակության շրջանում ձևավորվել է նեպոտիզմ, որը դառնում է ավանդույթ: Մարդիկ պաշտոնների պահուստը լրացնում են խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով: Ավանդույթը խիստ սովետական-բոլշևիկյան է, որը հնուց է գալիս: Բոլորն իրենց ընկերներին դիվանագետ են նշանակում, հաշվի չառնելով այն, որ այդ նշանակումը Հայաստանի համար խիստ կարևոր է: Այդ նշանակումները ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է՝ձևավորված այդ ավանդույթի շրջանակներում, ինչը խիստ անհասկանալի և անընդունելի է»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ արդեն եկել է ժամանակը, որպեսզի հասարակությունը բարձրաձայնի, որ այդպիսի նշանակումները անթույլատրելի են Հայաստանի համար:

«Այդ մարդիկ հարկատուների շնորհիվ նշանակվել են դեսպան, բայց չունեն ոչ փորձ, ոչ էլ համապատասխան թուղթ: Եթե մենք ուզում ենք երկիր դառնալ, պետք է սրան վերջ տրվի: Սա Հայաստանի իմիջին լուրջ հարված է հասցնում: Առանց այդ էլ մեր իմիջին անընդհատ հարվածում են: Եթե այսպես շարունակվի՝ լուրջ հարվածներ կհասցվի նաև մեր ազգային շահերին»,-ասաց քաղաքագետը:

Նախորդող հրապարակումներ՝ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

 Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան
 

Նոր դեսպանների նշանակումը բանանի կեղև է Սերժ Սարգսյանի ոտքի տակ. Քաղաքագետ