Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց սահմանամերձ Այգեպար համայնքում
27/06/2014 19:45

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց սահմանամերձ Այգեպար համայնքում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Տավուշի և Արագածոտնի մարզեր: Այս մասին տեղեկանում ենք ՏԿՆ մամուլի ծառայությունից: 

Տավուշի մարզում փոխվարչապետը նախ ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:

Այնուհետև փոխվարչապետն մեկնեց սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի և Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համայնքի մանկապարտեզում և դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին:

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով արդեն մեկնարկել են դպրոցի դահլիճային մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել գալիք տարվա հունվարին: Պատասխանատուների հետ քննարկվեցին նաև շենքերի անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը հանդիպեց նաև բնակիչների հետ, որոնք հիմնականում մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Այնուհետև Ա.Գևորգյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, որին մասնակցում էին ՊՆ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ԶՈւ սպաներ, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի, Բերդի համայնքապետները, տեղական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Այգեպարի ավագանու անդամներ:

Քննարկվեցին համայնքներում բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացրեցին ԶՈւ ներկայացուցիչները: Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:

Տավուշի մարզում ավարտելով այցը՝ փոխվարչապետը մեկնեց Արագածոտն:

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց սահմանամերձ Այգեպար համայնքում