27/06/2014 15:35
Նոր Նորքում աղբավայր բացելու թույլտվություն չի տրամադրվել. Քաղաքապետարան
Արդեն տեղեկացրել էինք, որ Նորքի 9-րդ զանգվածի 44-րդ և 45-րդ շենքի բնակիչները Aysor.am-ի խմբագրություն ահազանգել էին, որ հարակից ձորակում աղբանոց է բացվել, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել բնակչության շրջանում:
Aysor.am-ը նաև գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետրան, իմանալու համար՝ արդյոք Երևանի քաղաքապետարանում տեղյակ են այս մասին, գործարկվող աղբանոցը օրինակա՞ն է, և այն գործարկելու համար կա՞ն համապատասխան փաստաթղթեր:
Մենք հետաքրքրվել էինք նաև ըստ կիրառվող չափորոշիչների՝ որքա՞ն պետք է լինի բնակելի տարածքի և աղբանոցի (այս դեպքում՝ աղբանոց, որտեղ նաև վերջին օրերին այրում են աղբի կույտերը) միջև նվազագույն տարածությունը և ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը:
Գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են, որ մեր նշած հատվածում աղբայր բացելու որևէ թույլտվություն Երևանի քղաքապետարանի կողմից չի տրամադրվել.
«Տարածքում աղբը կուտակվում է մեր անբարեխիղճ համաքաղաքացիների ապօրինի գործունեության արդյունքում: Այն բազմիցս մաքրվել է, սակայն քաղաքացիների ապօրինի գործունեության հետևանքով աղբը դարձյալ կուտակվում է»:
Պատասխանում նշված է նաև, որ բարձրացված հարցին տեղյակ են թե՛ վարչական շրջանի, և թե՛ քաղաքապետարանի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները.
«Աղբի կուտակումը նշված տարածքում բացառելու և կարգազանց քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով սահմանվել է հսկողություն: Նշված տարածքում աղբ թափողներին հայտնաբերելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ»:
Նախորդող հրապարակում՝ Նոր Նորքի բնակիչները անհանգստացած են. Աղբանոցն այրում են մարդկանց քթի տակ