Իրաքում և Սիրիայում խալիֆայությունը սպառնալիք են տեղի քրիստոնյաների համար
30/06/2014 20:30

Իրաքում և Սիրիայում խալիֆայությունը սպառնալիք են տեղի քրիստոնյաների համար

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:

Իսլամիստները ցանկանում են օգտագործել բնակչության դժգոհությունը և հակաշիական տրամադրությունները Իրաքում իսլամական կարգեր հաստատելու համար: «Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» սունիական կազմակերպություն է, որի նպատակն է Իրաքում և Սիրիայում հաստատել իսլամական կարգեր:

Նրանք սերտորեն համագործակցել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ, ինչի հետևանքով որոշ ժամանակ նրանց կոչում էին «Իրաքի Ալ-Ղաիդա»: Տարբեր գնահատականներով «Իսլամական պետության» անվանափոխված կազմակերպությունը Սիրիայում ունի մոտ 7.000 մարտիկ, իսկ Իրաքում՝5.000-6.000:

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» կազմակերպությունը Սիրիայում ակտիվորեն պայքարում էր Բաշար Ասադի դեմ և այժմ սիրիական ճակատից փորձում է անցում կատարել և նոր ճակատ բացել արդեն Իրաքում: Տվյալ կազմակերպությունը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից՝ ի հակակշիռ Իրաքում Թեհրանի դիրքերի ամրապնդմանը և ընդդեմ Մերձավոր Արևելքում շիական գործոնի հզորացմանը:

Բաշար Ասադի հաղթանակը նախագահական ընտրություններում և շիական կառավարությունը Իրաքում տարածաշրջանում ձևավորում են շիական կոալիցիա, որի մեջ մտնում են Իրանը, Իրաքը, Սիրիան և Լիբանանի շիական «Հզբոլահ» կազմակերպությունը: Սաուդյան Արաբիան և Քաթարը նպատակ ունեն թուլացնել իրանական ազդեցությունը տարածաշրջանում և դրա համար օգտագործում են սունիական իսլամիստական խմբավորումները՝Լիբանանում, Սիրիայում և Իրաքում:

Իրանը նույնպես զգոնությամբ հետևում է Իրաքում տեղի ունեցող զարգացումներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել տեղի շիաներին, որոնք կարող է դառնան «Իրաքի և Լևանտի Իսլամական պետության» մարտիկների գլխավոր թիրախը:

Իրաքի բնակչության մեծամասնություն՝ 65% կազմում են շիաները, ովքեր հիմնականում բնակվում են հարավային և հարավ-արևելյան շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Բաղդադում, սունիները՝ 35%-ը, բնակվում են հիմնականում երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Իրաքի հյուսիսում կոմպակտ բնակվում են քրդերը, որոնք ունեն իրենց ինքնավարությունը:

Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակ հիմնական դերակատարումը երկրում իրականացնում էին սունիների, իսկ ամերիկյան ներխուժումից և Հուսեյնի տապալումից հետո այժմ մեծ դերակատարում ունեն շիաները, ինչն էլ հանգեցնում է սունիների դժգոհությունը:

Այսպիսով, Մերձավոր Արևելքում սունիների և շիաների դարավոր մրցակցությունը և հակամարտությունը Սիրիայում տեղի ունեցող ճգնաժամի հետևանքով ավելի է սրվում՝ իր մեջ ներքաշելով նաև տարածաշրջանի խոշոր խաղացողներին:

Ինչ վերաբերվում է Հայաստանին և նրա շահերին, ապա պետք է նշել, որ Իրաքում ժամանակին եղել է բավականին ակտիվ հայկական համայնք: Մինչև 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000 մարդ՝այսօր հայերի թիվը հասնում է 13.000-ի:

Գաղութի մեծամասնությունը բնակվում էր մայրաքաղաքում, սակայն մի ստվար հատված ցրված էր երկրով մեկ (Մոսուլ, Բասրա, Քիրքուկ քաղաքներում): Իրանա-իրաքյան և Ծոցի պատերազմների հետևանքով ստեղծված ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով հայկական բազմաթիվ ընտանիքներ լքեցին Իրաքը և բնակություն հաստատեցին Լիբանանում, Հորդանանում, ԱՄՆ-ում և շուրջ 1000 մարդ ապաստան են գտել Հայաստանում: Սիրիայում և Իրաքում ծայրահեղ իսլամիստական խմբավորումների ակտիվացումը և այդ տարածաշրջաններում խալիֆայության ստեղծումը կարող է հայաթափել ողջ Մերձավոր Արևելքը և նրա կայացած, ծաղկուն գաղթօջախները: 

Իրաքում և Սիրիայում խալիֆայությունը սպառնալիք են տեղի քրիստոնյաների համար