Հռչակվեց  մերօրյա «Իսլամական Խալիֆայությունը»
30/06/2014 21:13

Հռչակվեց մերօրյա «Իսլամական Խալիֆայությունը»

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը, որը ընդարձակ տարածքներ է վերահսկում Իրաքում և Սիրիայում, ըստ կառույցի մամուլի հետ կապերի պատասխանատու շայիխ Աբու Մուհամադ ալ-Ադնանիի կողմից հունիսի 29-ին հրապարակված ձայնագրության, հայտարարել է մուսուլմանների համար սուրբ ամիս համարվող Ռամադանի առաջին օրն «Իսլամական խալիֆայություն» հիմնելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ ԻՇԻՊ-ը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը, նրա փոխարեն ստեղծվել է «Իսլամական Պետություն» (Խալիֆայություն), որի կազմում ներառվում են բացառապես բոլոր մուսուլմանական պետություններն, այդ թվում՝ «օկուպացված իսլամական տարածքները»՝ Իրանը և Իսրայելը:

Նորաստեղծ պետության առաջնորդ՝ խալիֆ է հռչակել ԻՇԻՊ-ի առաջնորդ «Աբու Բաքր ալ-Բաղդադին, Էմիր ալ-Մումինին (Հավատացյալների առաջնորդ)՝ ալ-Խալիֆ ալ-Շայիխ Աբու Բաքր ալ-Բաղդադի ալ-Կուրայշի (ալ-Կուրայշի «տիտղոսի» միջոցով ընդգծվում է ալ-Բաղդադիի՝ Մուհամմադ մարգարեի ցեղակից լինելու հանգամանքը), ալ-Հուսեինի ալ-Բաղդադին»:

Նորընծա խալիֆին առաջինը հավատարմության երդում են տվել Ռամադիի ալ-Բու Ֆահդ ցեղի անդամները:

ԻՇԻՊ-ի կողմից տարածված հայտարարությունն ու կառույցի վերանվանումն, ըստ էության, տրամաբանական գործընթաց էր, և նյութականացումը նրա հիմանդիրների նպատակների՝ Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական պետություն ստեղծելու վերաբերյալ (արաբերենից բառացի թարգմանաբար ԻՇԻՊ-ը՝ Իրաքում և Շամում իսլամական պետություն), ինչը մասամբ իրականություն դարձավ վերջին երկու տարիների ընթացքում, քանի որ ներկայում Սիրիայում և Իրաքում կառույցի վերահսկողության տակ գտնվող տարածքների գոտին ձգվում է Հալեպի արևելյան շրջաններից մինչև Իրաքի արևմտյան հատված՝ դեպի իրան-իրաքյան սահմանը:

Իսկ բոլոր մուսուլամանական պետություններին նորաստեղծ «Իսլամական Պետության» սահմաններում ներառելու միտումն արդեն վկայում է իսլամականների հեռահար նպատակների մասին՝ մուսուլմանական աշխարհում կառույցի բջիջները ստեղծելու և անհրաժեշտ ժամանակային և պատմական իրավիճակի առկայության պայմաններում դրանք ակտիվացնելու հարցում: 

Հռչակվեց մերօրյա «Իսլամական Խալիֆայությունը»