Մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները
30/06/2014 19:20

Մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, այդ թվում բակային տարածքների, փողոցների, և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Մասնավորապես ընթացիկ նորոգման ենթակա 400 փողոցներից 300-ում աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: 30 հազար քմ ծավալով մայթերի ասֆալտապատման աշխատանքները նույնպես ավարտված են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են որ ընթացքի մեջ են նաև բակային տարածքների ասֆալտապատման և փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել իրականացվող աշխատանքների նկատմամբ խիստ հսկողությունը՝ հատուկ ուշադրության դարձնելով պատշաճ որակի ապահովմանը:

«Ասֆալտապատման աշխատանքների իրականացման հարցում պետք է լինենք շատ խիստ և ցուցաբերենք կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում արդեն թերությունների վերականգնման կարիք այլևս չլինի: Եթե նախորդ տարիներին հիմնական շեշտը դրվում էր Կենտրոն վարչական շրջանի ասֆալտապատման վրա, ապա այս տարի նախատեսված ծավալների մեծ մասը՝ շուրջ 1,5 մլն քմ, բաժին է ընկնում այսպես կոչված ծայրամասային վարչական շրջաններին: Սա կարևոր ձեռքբերում է հատկապես մայրաքաղաքի համաչափ զարգացման տեսանկյունից: Մեր խոստմանը համաձայն նախատեսում ենք, որ մինչև 2017 թվականը ավարտենք բակային տարածքների հիմնական ասֆալտապատումը և այնուհետ կիրականացնենք արդեն ընթացիկ նորոգման աշխատանքներ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները