.jpg)
Վարդենիսցիները փակել են քաղաք տանող ճանապարհը. Պահանջում են՝ վարչապետը գա
Նախօրեին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքում քամու հետևանքով վնասված տների բնակիչները փակել են քաղաք տանող ճանապարհը: Նրանք պահանջում են, որ Վարդենիս գա անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ստեփանյանը.
«Հենց այս պահին էլ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Մարդիկ մտավախություն ունեն, որ իրենց կրած վնասներն այդպես էլ չեն փոխհատուցվի: Այդ պատճառով ցանկանում են, որ գա վարչապետն ու տեսնի ամեն բան»,- ասաց Սահակ Ստեփանյանը:
Ս. Ստեփանյանի խոսքով՝ Վարդենիսի բնակիչները խոստանում են, որ եթե իրենց քայլը պատասխան չստանա, հաջորդիվ կփակեն նաև երկաթգծի կայարանը:
«Հիմա շարունակում ենք հաշվարկել հասցված վնասը: Տնից տուն ենք գնում, ամեն բան գրանցում ենք»,- ավելացրեց Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 16.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ուժեղ քամի է եղել: Ըստ նախնական տեղեկության՝ վնասվել է մոտ 30-35 տան տանիք:
Բացի այդ երկու երեխա տեղափոխվել է հիվանդանոց: Նրանք վնասվածքներ են ստացել կոտրված ապակիներից: Քանի որ այն տները, որոնց կտուրները պոկվել են, լցված են եղել ջրով ու կոտրված ապակիներով: Բարեբախտաբար երեխաների վնասվածքները լուրջ չեն:
Նախորդող հրապարակում՝ Վարդենիսում քամին պոկել է ավելի քան 30 տան կտուր. Մարդիկ դրսում են մնացել