30/06/2014 16:28
Մեղադրողը 6 տարի 6 ամիս պահանջեց Վոլոդյա Ավետիսյանի համար
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը հրապարակել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով մեղադրական ճառը: Նա պահանջել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտել Վ. Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ ըստ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն,2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Նախորդող հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը վերսկսվել է