.jpg)
Նախաքննական մարմնի ապացույցներով հերքվել է մեղադրանքը. Տնօրենը արդարացվել է
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Սարգսյանին մեղսագրված հանցանքների կատարման մեջ ճանաչել է անմեղ և արդարացված: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Aysor.am-ը ավելի վաղ անդրադարձել էր այս գործին: Ըստ Աշոտ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 1997թ. սկսած աշխատել է Մասիսիս քաղաքային համայնքի «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ- ում որպես տնօրեն: 2006 թ. հոկտեմբերի 2-ից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը առանց դպրոցում սովորող աշակերտների հետ դասաժամեր պարապելու, որպես դասատու աշխատավարձի տեսքով ստացել է խոշոր չափերի` 1.266.236 ՀՀ դրամ և յուրացման եղանակով հափշտակել է այդ գումարը:
Ա. Սարգսյանի պաշտպան Գրիգորի Շահվերդյանի հավաստմամբ՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետի հետ ունեցած անձնական հակասության պատճառով:
Դատաքննության ընթացքում աշակերտները ցուցմունք են տվել, որ իրենց դասարանի հետ Աշոտ Սարգսյանն որևէ առարկա առանձին չի պարապել, իրենց հետ անհատական պարապմունքներ չի անցկացրել, սակայն դասաժամերի ընթացքում համարյա ամեն օր դպրոցի տնօրեն Աշոտ Սարգսյանը մտել է իրենց դասարան, մոտեցել է բոլորին, նայել է նկարներն ու ասել, թե ինչ սխալներ են թույլ տվել, խորհուրդներ և ուղղություններ է ցույց տվել ճիշտ նկարելու վերաբերյալ, սովորեցրել է նաև, թե ինչպես պետք է նկարել և ամեն անգամ նա դասարանում մնացել է 10 րոպե:
Դատաքննությամբ ապացուցվել է , որ դպրոցի տարիֆիկացիայի ամենամյա ցուցակները կազմվել են Մասիսի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հաստիքային միավորներն ու դրույքաչափերը հիմք ընդունելով, այդ ցուցակներում Ա. Սարգսյանը տնօրեն նշված լինելուց բացի առանձին տողով նշված է եղել որպես դասատու ոչ ամբողջական հաստիքային միավորով, շաբաթական 9 ժամ, այդ ցուցակները հաստատվել են դպրոցի հիմնադիրը հանդիսացող Մասիսի քաղաքապետի կողմից և հաստատվելուց ու իսկական պաշտոնական փաստաթուղթ դառնալուց հետո այդ փաստաթղթերում Աշոտ Սարգսյանի կողմից որևէ կեղծիք չի կատարվել:
Այսինքն՝ նախաքննական մարմնի կողմից ապացոււյց ճանաչված այլ փաստաթուղթ համարվող տարիֆիկացիայի ցուցակներով ոչ թե հիմնավորվել, այլ ՝ հերքվել է Ա.Սարգսյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքը:
Քրեական հետապնդման մարմինն որպես Աշոտ Սարգսյանի հանցանքը հիմնավորող ապացույցներ մեղադրական եզրակացության մեջ վկայակոչել ՝է ապացույց ճանաչված այլ փաստաթղթեր հանդիսացող «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 2011թվականի սեպտեմբերից մինչև 2012թվականի նոյեմբեր ամիսների աշխատավարձերի ամենամսյա տաբելները և 2011թվականի հունվարից մինչև 2012թվականի դեկտեմբեր ամիսների աշխատավարձերի ամենամսյա վճարման հանձնարարականները, որոնցից առաջինում Ա.Սարգսյանն տնօրեն լինելուց բացի առանձին տողով նշված է որպես դասատու, երկրորդում՝ Ա.Սարգսյանի բանկային հաշվին ամեն ամիս փոխանցվել է նաև որպես դասատուի՝ նրա աշխատավարձը:
Դատաքննությամբ ապացուցվել է, որ «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի ամենամսյա տեղեկագիրը /տաբելը/ կազմվել է Ա.Սարգսյանի կողմից, որում նշվել են աշխատողների աշխատած օրերն ու ժամաքանակները, ինչպես նաև արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկություններ:
Ապացույց ճանաչված այլ փաստաթղթեր հանդիսացող, «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 2011-2012 թթ աշխատավարձերի ամենամսյա տաբելներն ու վճարման հանձնարարականները գնահատության ենթարկելով դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակցության մեջ, մասնավորապես , դրանք համադրելով ամբաստանյալ Ա. Սարգսյանի, վկա, դպրոցի հաշվապահ Սեդա Վարդանյանի ցուցմունքների, աուդիտորական ստուգման արդյունքների վերաբերյալ 2006-2012 թթ. ամենամյա հաշվետվությունների հետ, դատարանը հանգում է հետևության, որ ապացույց ճանաչված վերը նշված այլ փաստաթղթերով ոչ թե հաստատվել է Ա. Սարգսյանին մեղսագրվող արարքների մեջ նրա հանցանքը, այլ հաստատվել է նշված ժամանակահատվածում դպրոցի աշխատողների աշխատավարձերի հաշվարկման և վճարման վերաբերյալ փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունն ու հաշվապահական հաշվառման թերությունների բացակայության հանգամանքը:
Ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող նշված տեղեկանքով ոչ թե հաստատվում, այլ հերքվում է մեղսագրվող արարքների մեջ Ա. Սարգսյանի մեղավորությունը, քանի որ դատաքննությամբ հետազոտված հավաստի ապացույցներով ապացուցվել է, որ Աշոտ Սարգսյանը 2006-2012 թթ ընթացքում որպես դասատու աշխատավարձ է ստացել օրինական հիմքերով, իր կատարած փաստացի աշխատանքի դիմաց, այն էլ՝ տարիֆիկացիայով նախատեսված գումարի չափով:
Ինչ վերաբերում է 01.09.2010թվականից մինչև 31.11.2012թվականն ընկած ժամանակաշրջանում դասավանդելու վերաբերյալ Ա. Սարգսյանի կողմից դասամատյաններում գրանցում չկատարելուն՝ վերոգրյալը չի կարող վկայել, որ որպես դասատու Ա. Սարգսյանն սովորողների հետ չի անցկացրել պարապմունքներ:
Նախորդող հրապարակում՝ Դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից քաղաքապետի հետ հակասությա՞ն պատճառով