Գեղարքունիքի մարզպետ. Առաջինը պետք է մարդկանց օգնել շինանյութերով
01/07/2014 20:06

Գեղարքունիքի մարզպետ. Առաջինը պետք է մարդկանց օգնել շինանյութերով

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելել է Վարդենիս քաղաքի այն բոլոր տնտեսություններ, որոնք տուժել են հունիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած պտտահողմից: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Մարզպետը աղետի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ուղեկցությամբ եղել է բոլոր բնակարաններում, ծանոթացել իրավիճակին և վնասների մոտավոր չափերին: Ըստ հանձնաժողովի նախնական եզրակացության և կազմած ակտերի` վնասվել է 47 առանձնատուն և Վարդենիսի համար 2 միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի կտուրը: Ուսումնասիրությունից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ կազմված ակտերի վերջնական տարբերակը հինգշաբթի օրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

«Որպեսզի հարցն արագ լուծում ստանա, առաջին հերթին պետք է մարդկանց օգնել շինանյութերով: Հնարավորինս կաշխատենք օգտակար լինել հատկապես նրանց, ում տանիքները մնացել են բաց` առանց կտուրի: Մնացած աշխատանքները կկատարվեն աստիճանաբար: Կաշխատենք հնարավորության սահմաններում օգնել բոլոր տնտեսություններին վերականգնելու աղետի արդյունքում վնասված շինությունները», -նշել է Ռաֆիկ Գրիգորյանը:

Մարզպետը հավելել է, որ ստեղծվելու է տուժած շինությունների վերականգնման և փոխհատուցման աշխատանքների հանձնաժողով, որում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ներկայացուցիչներ, աղետից տուժած բնակիչներ և լրագրողներ: Վերականգնման աշխատանքների վերահսկողությունն անձամբ իրականացնելու է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: