.jpg)
ԻՇԻՊ խմբավորման գրոհայիններն Իրան չեն մտել
«Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն Իրան մուտք չեն գործել: Այդ մասին, իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ոստիկանական ուժերի սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահմադի Մողադամը:
Իրանցի գեներելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածված այն տեղեկատվությանը, թե Իրանի ուժային կառույցները սահմանի մոտակայքում ԻՇԻՊ-ի անդամների են ձերբակալել, նախ հերքել է այդ լուրերը, այնուհետև հավելել.
«Հնարավոր է, որ այդ խմբավորման հետ առնչություն ունեցած անձինք ձերբակալված լինեն, սակայն, ԻՇԻՊ-ի խմբեր Իրան մուտք չեն գործել»:
Իրանական նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Փսակին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ ԻՇԻՊ-ը սպառնալիք է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի համար:
Ամերիկացի պաշտոնյան տարածաշրջանի երկրներին հորդորել է համագործակցել ԻՇԻՊ-ի դեմ պայքարում:
Նշենք, որ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԻՇԻՊ-ը պաշտոնապես դադարեցրել է իր գոյությունը, նրա փոխարեն ստեղծվել է «Իսլամական Պետություն» (Խալիֆայություն), որի կազմում ներառվում են բացառապես բոլոր մուսուլմանական պետություններն, այդ թվում՝ «օկուպացված իսլամական տարածքները»՝ Իրանը և Իսրայելը: