Մոսկվայի համար «Հարավային հոսքը» ԵՄ-ի վրա ազդեցության լրջագույն լծակ է
01/07/2014 19:54

Մոսկվայի համար «Հարավային հոսքը» ԵՄ-ի վրա ազդեցության լրջագույն լծակ է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է առաջ մղել «Հարավային հոսք» նախագիծը՝ անկախ առկա դժվարություններից:

Պուտինը նշել է, որ իրենք եվրոպական գործընկերների հետ Բալթիկ ծովի հատակով կառուցել են «Հյուսիսային հոսք» նախագիծը և այժմ էլ պատրաստվում են կյանքի կոչել Սև ծովի հատակով անցնող «Հարավային հոսք» նախագիծը:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանի շինարարության նախարարությունը «South Stream Transport B.V» ընկերությանը «Հարավային հոսքի» ծովային հատվածի շինարարության թույլտվություն է տրամադրել:

«Հարավային հոսք»(«South stream») գազամուղը բաղկաղացած կլինի 931 կմ երկարությամբ 4 գազատարներից, որոնք կանցնեն Սև ծովի հատակով:

Ռուսաստանի տարածքային ջրերում առաջին գազատարի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2014թ.-ի նոյեմբերը: «South Stream Transport B.V» ընկերության բաժնետոմսերը պատկանում են ռուսական «Գազպրոմին»(50%), իտալական ENI-ին(20%), գերմանական Wintershall և ֆրանսիական EDF-ին(15%):

«Հարավային հոսքը» «Գազպրոմի» նախագիծն է, որ ենթադրում է Սև ծովի հատակով անցնող գազամուղի կառուցում մինչև Հարավային և Կենտրոնական Եվրոպա: Հարավային հոսքը պետք է տարեկան 63 միլիարդ խմ գազ մատակարարի ԵՄ-ին: Պետք է նշել, որ Մոսկվան ձեռնարկել է այս նախագիծը տարանցման հետ կապված խնդիրներ չունենալու համար:

«Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ «Հարավային հոսքի» կառուցումից հետո Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կարիքը՝Եվրոպա գազ արտահանելու համար չի զգացվի:

Այս պահի դրությամբ ուկրաինական խողովակներով Եվրոպա է արտահանվում ռուսական գազի 50%-ը՝ 86 միլիարդ խմ:

Մի քանի տարի առաջ Ուկրաինան ռուսական գազը իր տարածքով դեպի ԵՄ տարանցելու հետ կապված խնդիրներ էր առաջացրել և այժմ Մոսկվան ցանկանում է ձերբազատվել ուկրաինական տարանցման շանտաժից: Բացի այդ, «Հարավային հոսքը» կզրկի Ուկրաինային, որը այժմ մեծ արագությամբ ընթանում է դեպի եվրաատլանտյան կառույցներ, տարանցման համար գանձնվող մեծ գումարներից, ինչը ճգնաժամային վիճակում գտնվող և դրսի վարկային միջոցների հաշվին գոյատևող ուկրաինական տնտեսության համար բավականին զգայուն հարված է:

Օրերս ԵՄ-ի էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը սպառնացել է եվրոպական այն երկրներին, որոնք կաջակցեն «Հարավային հոսք» գազային նախագծին այսօրվա տեսքով:

Էտինգերի հայտարարությունը արվում է Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պարագայում՝ ուկրաինական ճգնաժամի և դրա հետ կապված Արևմուտքի կողմից Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին:

Բրյուսելը փորձում է խափանել ռուսական «Հարավային հոսք» նախագիծը, որը Մոսկվայի ձեռքում ԵՄ-ին էներգետիկ շանտաժի ենթարկելու և ռուսական գազից կախվածությունը մեծացնելու լավագույն մեխանիզմն է:

Մոսկվան իր հերթին ցանկանում է պահպանել էներգետիկ դիրքերը Եվրոպայում և դրանով որոշակի լծակներ ունենալ Բրյուսելի և հետխորհրդային տարածքում նրա կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ:

Բրյուսելը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ հոսքերը և գտնել ռուսական գազին այլընտրանք, այդ թվում հետխորհրդային տարածքում: ԵՄ-ին հետխորհրդային երկրներում առաջին հերթին հետաքրքում է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի նավթն ու գազը ու դրանք Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝Ռուսաստանի սահմանները շրջանցող ճանապարհով Եվրոպա հասցնելու խնդիրը, ինչին միտված են բրյուսելյան բարձրաստիճան պաշտոնյաների քայլերը:

Այսպես, հունիսի 16-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Ադրբեջանում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ-ը արագացնելու է «Հարավային գազային միջանցքի» ստեղծումը, ինչը թույլ կտա խորացնել տնտեսական կապերը ԵՄ-ի և Ադրբեջանի միջև: ԵՄ-ը նախատեսում է իրականացնել «Հարավային գազային միջանցք» ծրագիրը, որը ենթադրում է կասպյան և կենտրոնական ասիական գազի և նավթի արտահանումը դեպի ԵՄ` Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ:

2013թ.-ին ԵՄ-ը գազի առաքման 39% ապահովել է Ռուսաստանը, 33%՝ Նորվեգիան, 22%՝ Հյուսիսային Աֆրիկան (Ալժիր, Լիբիա): Նոր ռազմավարության մեջ նշվում է, որ ԵՄ-ը ցանկանում է էներգետիկ ենթակառուցվածքներով կապվել նոր տարածաշրջանների, այդ թվում Կասպյան ավազանի երկրների հետ և կյանքի կոչել Հարավային գազային միջանցքը:
 

Մոսկվայի համար «Հարավային հոսքը» ԵՄ-ի վրա ազդեցության լրջագույն լծակ է