Նախարարը հանձնարարել է որոշել բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը
02/07/2014 17:44

Նախարարը հանձնարարել է որոշել բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել և աշխատանքային առաջին քննարկմանն էին ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Ներկայացնելով այն` աշխատանքային խումբը նշել է, որ մոդելը մշակելիս հաշվի են առնվել միջազգային փորձը և Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները։ Կազմակերպությունների ռիսկայնությունը որոշելու համար նախատեսվել է կիրառել նաև առողջապահական համակարգի տարբեր կառույցներում հավաքագրվող տեղեկատվությունը։

Ներկայացված փաստաթղթի քննարկման ընթացքում հնչել են տարբեր տեսակետներ ու առաջարկներ։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկել է առանձնացնել երեք կարևոր ուղղություններ` բժշկական ծառայության որակի, ֆինանսատնտեսգիտական ցուցանիշների և սպասարկման որակի կամ հիվանդի գոհունակության գնահատում։

«Մեր հիմնական նպատակն է նաև այս ճանապարհով նպաստել բժշկական ծառայության բարձր որակի ապահովմանը և պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Պետք է լինեն համակարգված, պարզ ու հստակ մոտեցումներ ու հարցադրումներ, որոնք կներառեն առողջապահական հիմնարկի շենքային պայմաններից ու նյութատեխնիկական հագեցվածությունից մինչև ապացուցողական բժշկության հիման վրա մշակված չափորոշիչների կիրառմանը»,-ասել է նախարարը։

Առաջարկներ են ներկայացվել նաև ֆինանսատնտեսագիտական ցուցանիշների և սպասարկման որակի հսկման մեխանիզմների վերաբերյալ:Քննարկման արդյունքում որոշվել է առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանության հետագա մշակման գործում ընդգրկել Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետներին։
 

Նախարարը հանձնարարել է որոշել բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը