.jpg)
Ա. Ռուստամյան. ՀԾԿՀ-ը սպառողի շահը ստորադասում է մենաշնորհ ունեցողի շահերից
Այսօր, երբ երկրում առաջանում են սոցիալական սուր հարցեր, դրանք ցույց են տալիս համակարգի ողջ սնանկությունը, որի հետևանքը տնտեսության փլուզումն է: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Իշխանությունը, նրա խոսքով, այսօր կարիք ունի ֆինանսական միջոցների, հետևաբար. «Փորձում է ժողովրդից կորզել ֆինանսներ, ինչը հանգեցրել է աղքատության, կամ էլ դրսից պարտքեր վերցնել, ինչի հետևանքով էլ 4 անգամ մեծացել է Հայաստանի արտաքին պարտքը: Ունենք էներգետիկ համակարգ, որը պետք է տնտեսության շարժիչ ուժը հանդիսանար, սակայն այդ համակարգն իր այդ դերը կորցնում է»:
Շարունակելով խոսքը` ՀՅԴ պատգամավորն ասաց, որ Հայաստանը ժամանակին էներգիայի արտահանող էր, սակայն հիմա սա էլ է հարվածի տակ. «Այս ամենից տնտեսության համար բխելու են լուրջ հետևանքներ, տնտեսությունը պետք է ամեն գնով փրկել»:
ՀԾԿՀ երեկվա նիստի ժամանակ, Ա. Ռուստամյանի խոսքով, քառյակի հիմնավոր փաստարկները, թե պետք է հետաձգել որոշման կայացումը, չհետաձգեցին, որովհետև վերևից պատվեր կար:
«Այդ հանձնաժողովը պատվերից դուրս կգա և կդառնա անկախ, եթե իսկապես այդ անկախությունը ապահովվի, ահա ինչու ընդդիմությունը պահանջում է, որ դա տրվի ընդդիմությանը: Արդյուքնում` ընդդիմությունն այնպիսի առաջարկություններ կներկայացնի, որոնք բխում են հասարակության շահերից և կախված չի լինի իշխանություններից»,- ասաց Ա. Ռուստամյանը` ավելացնելով, որ քաղաքական համակարգը փոխելու, առողջացնելու լուրջ խնդիր կա:
ՀԾԿՀ-ը, ՀՅԴ պատգամավորի գնահատմամբ, խախտում է օրենքը, քանի որ օրենքը շատ հստակ սահմանում է, որ հանձնաժողովի գործունեության նպատակն է ապահովել հավասարակշռություն սպառողների և տնտեսվարող սուբյեկտների միջև, բայց նման գործառույթ մինչ հիմա ոչ ոք չի տեսել, նույնիսկ` հակառակը.
«Միշտ սպառողի շահը ստորադասվել է մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտների շահերից: Հետևաբար, լուրջ բաց կա, որը պետք է կարգավորել: Հիմք կա դիմել Սահմանադրական դատարան` օրենքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Օրենքը պետք է հստակ սահմանի, որ պետք է գերակա համարվի հասարակության շահը, այդ գերակայությունը օրենքով լիարժեքորեն սահմանված չէ: Երբ պետք է մարդկանց տները քանդեն ու ինչ-որ կառույցներ կառուցեն, այդ գերակա շահն աշխատում է, բայց երբ պետք է իսկապես հասարակության գերակա շահը գործի բոլոր հիմնարար պրոցեսների մեջ, անտեսվում է այն, իսկ մարմինը, որը կոչված է այն ապահովել, չի կատարում իր գործառույթները»:
Նախորդող հրապարակում` Էլեկտրաէներգիայի թանկացմամբ մեր կյանքը 10 տոկոսով կթանկանա. Ռ. Հակոբյան
Պատգամավոր. Եթե այսպես շարունակվի, ամեն տարի սակագին պետք է բարձրացնել