.jpg)
«Սիրիահայ երեխաները երևանցի փոքրիկների նման մանկապարտեզ են հաճախում անվճար»
Երևանի 84 դպրոցներում այս տարի սովորել է 462 սիրիահայ աշակերտ։ Սիրիահայ երեխաները Երևանում կրթվում են երևանցի երեխաներին հավասար իրավունքներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Այս տարի արդեն 112 սիրիահայ երեխա է հաճախում մեր մանկապարտեզներ՝ երևանցի փոքրիկների նման՝ անվճար հիմունքներով»,- նշել է հանրակրթության վարչության պետը։
Ինչ վերաբերում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, ապա Գ. Սողոմոնյանն ասել է, որ քաղաքապետարանի ենթակայության 44 դպրոցներում նման 1180 երեխա է սովորում։
«Նրանց ուսուցումն ու խնամքը հոգում են 205 սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ։ Ներառական կրթություն իրականացնող դպրոցների շենքային պայմանները հարմարեցված են, որքան թույլ է տալիս դպրոցի ճարտարապետական կառուցվածքը։ 44-ից 8 դպրոցներում առկա են մասնակի թերություններ, որոնք շտկելու համար առաջարկությունը ներկայացված է համապատասխան վարչությանը»,- նշել է Գայանե Սողոմանյանը և հավելել, որ ավելի շատ կրթօջախներ և հանրային նշանակության կառույցներ են հարմարեցվելու հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։
Նախորդող հրապարակում` «Թեժ գիծը սթափ է պահում դպրոցի և մանկապարտեզների տնօրեններին»