.jpg)
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում լրագրողների ճնշումների վերաբերյալ բանաձև է ընդունել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում (հունիսի 23-ից 27-ը) ընդունվել է Ադրբեջանում կոռուպցիայի մասին գրող հետաքննող լրագրողների նկատմամբ կատարվող ճնշումների մասին բանաձևի նախագիծը։ Բանաձևի նախագիծն այսօր հրապարակվեց ԵԽԽՎ կայքում։ Բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ում նախաձեռնել է ՀՀ պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի։
Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, բանաձևի նախագծով Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում կոռուպցիոն բացահայտումներ կատարող հետաքննող լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների ամենաբարձր մակարդակի կապակցությամբ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց ուղղված քննադատությունները լռեցնելու ամենավառ օրինակը Ադրբեջանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան է։
Ինչպես նշվում է բանաձևի նախագծում՝ Transparency International-ի 2013թ․-ի կոռուպցիայի ինդեքսով Ադրբեջանը հայտնվել է 127-րդ տեղում, ինչը ևս վկայում է Ադրբեջանում կոռուպցիայի մասշտաբների և տարածվածության մասին։
Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանն այն երկրների թվում է, որտեղ զրպարտությունը դիտվում է որպես քրեական հանցագործություն։ Ավելին, վերջերս ընդունված օրենսդրությունը այն տարածեց նաև առցանց լրատվամիջոցների վրա։ Այս լույսի ներքո, Ադրբեջանում արտահայտման իրավուքի սահմանափակումների առավել վատթարացման վերաբերյալ զեկուցել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, համապատասխան միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները։
ԵԽԽՎ-ն, առաջարկված նախագծով, համարում է, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել, պաշտպանել լրագրողներին և ակտիվիստներին և վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր այն ազատազրկված անձանց, ովքեր բանտարկվել են իրենց կարծիքի և տեսակետի արտահայտման պատճառով։