.jpg)
«Մենք փորձեցինք այնպես անել, որ ԵԽԽՎ նիստը չդառնա հայ-ադրբեջանական բանավեճ»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության հանրապետական անդամներն այսօր հրավիրված մամլո ասուլիսում, ներկայացնելով մանրամասները, սկսեցին արդարանալ: Պատվիրակության անդամները Ալևին հարց չեն հնչեցրել դիտավորյալ սկզբունքով:
«Դա հատուկ մարտավարություն էր, սակայն ինչպես բոլոր այսբերգները, երևացող մասը փոքր է, իսկ չերևացողը՝ մեծ: Մենք փորձեցինք այնպես վարվել, որ նիստը չդառնար հայ-ադրբեջանական բանավեճ»,- նշեց ՀՀԿ-ական անդամ Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանից վերադարձած հայկական պատվիրակությունը ծավալուն աշխատանք է կատարել այնտեղ:
Հերմինե Նաղդալյանն անգամ կատակեց, որ Ստրասբուրգում աշխատանքներն այնքան շատ էին, որ երեկոյան հայկական պատվիրակությունն էր լույսերը հանգցնում: «Լուրջ աշխատանք է տարվել, չնայած նրան, որ նստաշրջանն անցել է Ադրբեջանի նախագահության ներքո՝ ադրբեջանական ակտիվության և մասսայական գրոհների շրջանով»,-ասաց նա՝ շարունակելով, որ այդպիսի մթնոլորտում պատվիրակությունը բնականաբար հասկանում էր, որ իր աշխատաոճը պետք է լինի ավելի ակտիվ, ծավալուն բոլոր քաղաքական խմբերում ու հանձնաժողովներում, սակայն այս դեպքում լռությունը միանշանակ ճիշտ էր:
Նաղդալյանը հատուկ շնորհակալություն հայտնեց պատվիրակության բոլոր անդամներին՝ համախմբված աշխատելու համար։
«Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները թվով ավելի մեծ էին, քան հանրապետականները, բայց դա չխանգարեց, որպեսզի մենք համախմբված աշխատենք: Տարաձայնությունների առիթ չենք ունեցել։ Այն հարցերը, որոնք վերաբերում են ազգային-պետական խնդիրներին, պատվիրակությունը համախմբված է: Միահամուռ բոլորի համաձայնությունը եղել է, որպեսզի հարցով հնարավորություն չտանք հակահայկական նոր պրոպագանդային և շոուի նոր արարի համար, որին վստահաբար ձգտում և սպասում էր ադրբեջանական կողմը։ Մեր պատվիրակությունը շատ փորձառու է, և հավատացնում եմ՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ եղել են նման իրավիճակներ և փորձարկվել են բոլոր տարբերակները, իսկ հնարավորություն տալու որոշումը տակտիկապես սխալ կլիներ»,-ընդգծեց նա։
Պատվիրակության մյուս ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին, արդարացնելով հայկական պատվիրակության լռությունը, հաստատեց, որ եթե Հայաստանում հայկական պատվիրակության աշխատանքից դժգոհ էին քաղաքական որոշ ուժեր, ապա եվրոպացի պատվիրակները հայտնել են իրենց գոհունակությունը:
«Դա չափազանց նուրբ պահվածք էր: Լինելով այդպիսի միջավայրում՝ մենք համոզվեցինք, որ այդպիսի վարքագիծն, այնուամենայնիվ, ճիշտ էր: Մենք հնարավորություն չտվեցինք թշնամուն վիրավորել մեզ։ Մեր լռությամբ Ադրբեջանի ողջ ագրեսիան ուղղվեց դեպի եվրոպացի պատվիրակները։ Մեր կողմից հարց հնչեցնելը և արձագանքելու հնարավորություն չունենալը կնշանակեր ընդամենը շանս տալ Ալիևին, իսկ մենք նրան զրկեցինք այդ հնարավորությունից»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Ալիևն ամեն կերպ ջանում էր արտահայտվել։
«Շատերի մեղադրանքները, որ մենք անգործության ենք մատնվել` պարզապես հիմնավոր չեն»,- ընդգծեց պատվիրակության մեկ այլ անդամ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով նույնպես շեշտեց, որ դժգոհելու որևէ առիթ չկա. «Հայկական կողմից հարցը կլիներ Ալիևի համար փրկօղակ՝ շեղելու եվրոպական պատվիրակների շեշտադրած քննադատական հարցերից»: