«Սահմանադրությունը հացի խնդիր չի լուծում, ստեղծում է բոլոր նախադրյալները»
03/07/2014 15:40

«Սահմանադրությունը հացի խնդիր չի լուծում, ստեղծում է բոլոր նախադրյալները»

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հերթական քննարկումը կազմակերպվել էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Քննարկմանն այս անգամ մասնակցում էին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը, ինչպես նաև նույն հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Ողջունելով հյուրերին, քննարկման մասնակիցները կարևորեցին սահմանադրական բարեփոխումները` ընդգծելով, որ այն թույլ կտա երկրում իրականացնել մի շարք լուրջ բարեփոխումներ, որոնք կապված են ոչ միայն մարդու իրավունքների և օրենսդրության, այլև երկրի սոցիալ-տնտեսական կարգավիճակի հետ:

Հիշեցնենք, որ քննարկման նպատակն է հանրությանը ծանոթացնել նախատեսվող սահմանադրական բարեփոխումներին, որի շրջանակներում հանձնաժողովի անդամներն այցելում են ՀՀ մարզերը և քննարկումներ կազմակերպում: Քննարկումներին մասնակցում են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ: Թեմայի շուրջ քննարկումներ են կազմակերպվել նաև քաղաքական մի շարք կուսակցությունների հետ:

Գագիկ Մուրդայանն իր խոսքում նշեց, որ բոլորովին վերջերս ընթերցելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրը` նկատել է, որ այնտեղ շատ է խոսվում հատկապես խորհրդարանական համակարգին անցնելու մասին:

«Նրան կես մլն մարդ ձայն է տվել: Եթե չկա հանրային պահանջ, ապա գոնե այդ մադկանց ձայների մեծ մասը արդյոք այդ գաղափարի կրող չէ՞»,-ասաց նա՝ շարունակելով, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումը հիմնականում կապված է հենց սահմանադրական բարեփոխումների հետ:

«Սահմանադրությունը դա այնպիսի հիմնարար փաստաթուղթ է, որի մոտեցումներն ու քննադատությունը նույնպես պետք է լինեն հիմնարար: Մենք չպետք է կորցնենք այս պատմական շանսը և իրականացնենք իրական սահմանադրական բարեփոխումներ»,- իր հերթին էլ հավելեց Հրայր Թովմասյանը` ում համոզմամբ ևս սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը հարյուր տոկոս է:

Նրա խոսքով` դրանք կատալիզատոր կլինեն, որպեսզի երկրում առկա բոլոր խնդիրները լուծվեն:

«ՀՀ Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումները շատ են կարևորվում: Այս թեմայի շուրջ քննարկումներ են կազմակերպվել ոչ միայն ինձ հարազատ Արարատի մարզում, այլև մյուս բոլոր մարզերում»,-ասաց նա` ընդգծելով, որ եթե սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն, ապա Սահմանադրությունը ինքնին կփոխվի:

Ըստ Թովմասյանի` Սահմանադրությունը թեև կոչված չէ լուծել հացի խնդիր, բայց այն ստեղծում է դրա բոլոր հիմքերն ու նախադրյալները:

«Մեր Սահմանադրությունը լուրջ հիմքեր է դրել է, որ մենք ունենանք արդյունավետ կառավարման համակարգ և լուծենք հացի խնդիր: Կա եվրոպական, ամերիկյան կառավարական ու նախագական համակարգ: Դրանք այդ երկրներում ոնց որ թե վատ չեն աշխատում, բայց դրանք բոլորը չէ, որ իդեալական են: Սահմանադրություն որոշողը մարդիկ են, ոչ թե բնությունը: Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք աշխատելու այստեղ` այդ նոր որոշումներով»,- ընդգծեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Նա մանրամասնեց նաև, որ կան ընդհանուր օրինաչափություններ, որոնք լուծելու խնդիր ունենք: Այս համատեքստում Թովմասյանը օրինակ բերեց հարևան Վրաստանին:

«Եթե մարդը օրենսդրական օրինաչափությունների հետ սխալ է վարվել, ապա պետությունը չի կարող զարգանալ ու կայանալ: Հիվանդ համակարգը արդյունավետ ու կայացած պետություն չի դառնա: Խոսում ենք տեղական ինքնակառավարման խնդիրներից, հավաքների ազտությունից, բայց դրանց լուծումների արամատները գտնվում են սահմանադրական բարեփոխումների մակարդակում: Սահմանադրությունը ինքնին բարդ իրավաբանական փաստաթուղթ է, իսկ սահմանադրական բարեփոխումը` մի բարդ վիրահատություն, որին նույնպես պետք է շատ նուրբ վերաբերվենք: Մեր Սահամանադրությունը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ պաշտպանի մարդու իրավունքները»,-ասաց Թովմասյանը:
 

«Սահմանադրությունը հացի խնդիր չի լուծում, ստեղծում է բոլոր նախադրյալները»