ՀՀ դեսպանն այցելել է Քեսաբ, Լաթաքիա, ծանոթացել տեղի հայերի խնդիրներին
03/07/2014 19:21

ՀՀ դեսպանն այցելել է Քեսաբ, Լաթաքիա, ծանոթացել տեղի հայերի խնդիրներին

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և Դամասկոսի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է  Լաթաքիա նահանգ: Այցի շրջանակներում  դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Լաթաքիայի նահանգապետը ՀՀ դեսպանին ներկայացրել է նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է Լաթաքիայի, ինչպես նաև քեսաբահայության ավանդական ծանրակշիռ դերը նահանգի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, մտքեր են  փոխանակվել ներկայումս նրանց առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում Լաթաքիայի նահանգապետը և դեսպան Փոլադյանն անդրադարձել են վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը:

Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանն այցելել է Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի և շտապօգնության մարմնի հետ քննարկել է քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի և նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելել է  նաև Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները:

Այնուհետև Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են  Լաթաքիայի հոգևոր հայրեր և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագրեր են  ստացել մի քանի տասնյակ լաթաքիահայեր:

Շնորհավորելով անձանգիր ստացողներին` դեսպան Փոլադյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հայի կյանքում մեծ և հիշարժան իրադարձություն է ՀՀ քաղաքացի դառնալը, և հույս հայտնել, որ իրենց գործունեությամբ նրանք մշտապես բարձր կպահեն ՀՀ քաղաքացու պատիվը:

Իրենց ելույթներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ղեկավարության դերակատարությունը թե՛ քեսաբահայության, թե՛ առհասարակ սրիահայության խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:  

ՀՀ դեսպանն այցելել է Քեսաբ, Լաթաքիա, ծանոթացել տեղի հայերի խնդիրներին