ՀԷՑ-ը հերքում սնանկացման մասին լուրերը
03/07/2014 18:52

ՀԷՑ-ը հերքում սնանկացման մասին լուրերը

Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարցել էր Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության 2013թ.-ի ֆինանսական հաշվետվությանը: Մասնավորապես պարբերականը գրել էր, որ հաշվետվությունը հրապարակվել է Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ։ Ըստ դրա՝ ՀԷՑ-ը կուտակել է 4 մլրդ 470 մլն դրամի վնաս։

«Կան հանգամանքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը՝ ակնարկելով, որ, հնարավոր է, դրվի ՀԷՑ-ի սնանկություն հարցը:

«Չնայած որոշակի ֆինանսական դժվարություններին` ՀԷՑ-ը կայուն է աշխատում»,- այսպես տարածված տեղեկատվություններն Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:

«Բազմիցս խոսվել է այն մասին, որ ընկերությունը չունի ոչ մի ժամկետանց պարտավորություն ու բոլոր վարկային պարտավորությունները կառավարելի են, այսինքն՝ սնանկության հիմք լինել չեն կարող: Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2013թ.-ի ֆինանսական հաշվետվությանն ու դրա մասին՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությանը, պետք է ասեմ, որ այն կապ չունի սակագնի բարձրացման հետ: Որևէ առնչություն չկա այս երկու հարցի միջև ու խոսքը երկու տարբեր երևույթների մասին է»,- ասաց Նատալյա Սարջանյանն՝ ավելացնելով.

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նշված 20 մլդ դրամ անհրաժեշտ գումարից, ՀԷՑ-ի մասնաբաժինն ընդամենը 6,8 մլդ դրամն է: Այլ կերպ ասած, եթե մենք հաշվի առնենք, որ սակագինն ավելանում է 4,5 դրամով, դրանում ՀԷՑ-ի բաժինը մոտավորապես 1,5 դրամն է՝ ներառյալ ԱԱՀ-ն»:

Նախորդող հրապարակում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն սնանկացման եզրին է

Պատգամավոր. 1 տարում էլեկտրաէներգիայի մոտ 40%-ով թանկացումը անթույլատրելի է 

ՀԷՑ-ը հերքում սնանկացման մասին լուրերը