.jpg)
«Եթե նույնիսկ թուրքերը գան, ես խրամատ կփորեմ իմ որդու գերեզմանի կողքին»
Այս հպարտ, խիզախ կինն ապրում է Հադրութ քաղաքի հին թաղամասում, որը կոչվում է «չումնոյեն թաղ»: Միրա Բաբայանին ճանաչում են ոչ միայն Հադրութում, այլև ամբողջ Արցախում և նույնիսկ Հայաստանում, քանի որ նա լեգենդար Ռոբիկի (Ռոբերտ Բաբայանի) այրին ու նրա միակ որդու` պատերազմում զոհված Սերյոժկայի (Սերգեյ Բաբայանի) մայրն է…
Մինչև 1988 թվականը Ռոբերտը ծառայում էր Հադրութում տեղակայված սահմանապահ գնդում: Պաշտոնապես նա աշխատում էր կաթսայատանը` որպես փականագործ: Այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ այդ աշխատատեղը ընդամենը Ռոբիկի հիմնական` հետախույզի աշխատանքի քողն է: Տիկին Միրան այսօր էլ, որպես հետախույզի կին, չի բացահայտում նրա աշխատանքի իսկական էությունը: «Ռոբիկը շատ փակ մարդ էր: Ասում են, որ նրան հանձնարարում էին հատուկ նշանակության գործեր, քանի որ նա գիտեր հարևան Իրանի հետ խորհրդային սահմանի բոլոր թաքստոցները»:

Սակայն, ի պաշտոնե խորհրդային երկրի նվիրայլը դարձավ ազգի փրկության և ազատության խորհրդանիշերից մեկը… «1988 թվականի փետրվարյան առաջին միտինգներից մեկի ժամանակ նա տուն էր եկել Ջեբրայիլի տարածքային ՊԱԿ (պետական անվտանգության կոմիտե) նախկին և նոր ղեկավարների հետ: Նրանք ընթրում էին, երբ հեռվից լսվեցին հավաքվածների վանկարկումները՝ «միացում, միացում...»: Գինովցած ՊԱԿ-ականներից մեկը հարցրեց ինձ. «Այդ ի՞նչ տոնախմբություն է Հադրութում»։ Սակայն, ես արդեն հետո հասկացա, որ նրանք պատահական չէին Հադրութ եկել հենց այդ օրը: Դրանից հետո Ռոբիկը դադարեցրեց նրանց հետ շփումները»: Տիկին Միրան խորը շունչ է քաշում, միգուցե ափսոսալով, որ նրանց էր կերակրում իր տանը….
«Շարժման առաջին իսկ օրերից Հադրութը «լցվեց» խորհրդային կայազորի զինվորականներով: Դե, հիշում եք երևի, հայտարարվեց պարետային ժամ…Բայց դա, կարծես, Ռոբիկի համար չէր…Հիշում եք, թե ոնց է նա գիշերը հայկական դրոշը կախել Խոր աղբյուրի չինարու վրա»:

Այո, փետրվարյան միտինգների առաջին օրերին հադրութեցիները ականատեսն էին դառնում իրենց համար արտասովոր, հայրենասեր պոռթկումների. օրերից մի օր ամբողջ Հադրութը տեսավ 30-40 մետրանոց չինարի ծառի գագաթին ծածանվող Հայաստանի դրոշը: Հիմա միգուցե սա սովորական բան թվա, բայց այն ժամանակ, կայազորի հետապնդումներից փախչող Ռոբիկի արածը հերոսություն էր:
«Գիշերվա ընթացքում դրոշը կախելուց հետո Ռոբիկն առավոտյան եկավ տուն և շատ անհանգիստ, ձգտում էր արագ թաքցնել արմատուրայի կտորը: Նա տարավ այդ երկաթի կտորը տնից հեռու և թաքցրեց մոշենու մեջ: Պարզվեց, չինարու ծառը սահուն էր, և, բարձրանալու համար, նա արմատուրայից պատրաստել էր երկաթե կեռեր, որոնց միջոցով և հասավ ծառի գագաթին: Քանի որ դրոշը նկատելուն պես կայազորը սկսեց փնտրել այդ քաջագործության հեղինակին՝ պետք էր արագորեն ազատվել ապացույցից»,-վերհիշում է կինը:

Իսկ մի քանի օր անց, դարձյալ գիշերվա ընթացքում, Ռոբիկն ու Էմիլը (Էմիլ Աբրահամյանը՝ Շարժման լիդերներից մեկը – հեղ.) ևս երկու հոգու հետ Տյաք գյուղի մոտակայքում գտնվող արոտավայրի տարածքում փորեցին Հայաստանի գերբը: Զարմանալ կարելի է, թե ինչպես են մութ գիշերին գծագրել այն և հողի մեջ փորել հայկական աշխարհի այնժամանակվա զինանշանը:
Լռում է... հետո հպարտությամբ շարունակում պատմել իր լեգենդար ամուսնու մասին. «1991 թվականին մեր (Հադրութի շրջանի-հեղ.) գյուղերի բռնի տեղահանումից հետո, երբ շարժման լիդերներն ու ակտիվիստները հասկացան, որ առանց պայքարի նրանց չի հաջողվի հասնել հայրենիքի ազատությանը, Ռոբիկը սկսեց պատրաստել ինքնաշեն ականներ, զենք և զինամթերք: Մեր տան մոտ մի գետնափոր կացարան կար, այնտեղ էր նրա արհեստանոցը: Մինչև ուշ գիշեր Ռոբիկը ստիպում էր ինձ նավթե լամպով լույս ապահովել, որպեսզի աշխատի: Դե, երեւի լսել եք, որ նա փոքր «Գրադ» կայան է սարքել: Երբ այն կրակեց, ազերիները խուճապի մեջ փախան կռվի դաշտից»:
Մանրամասները՝ այստեղ: