.jpg)
Քառյակը էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ պահանջ է ներկայցնում ՀԾԿՀ-ին
ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը միասնական պահանջ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Պահանջը բաղկացած է 6 կետից.
1. Էլեկտրացանցերում առաջացած 17 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքի 1/3-ը պետք է մարի պետությունը
2. 3-4 տոկոսով կրճատել էլցանցերում տեխնիկական կորուստները
3. սակագնի մեջ վերանայել արտադրող կայանների ամորտիզացիայի և մաշվածության խնդիրը
4. էներգահամակարգում ֆինասական ներդրումները պետք է ազատվեն հարկերից
5. վերաիմաստավորել և սահմանել թույլատրելի շահույթի չափը
6. էլցանցեր-արտադրող կայաններ հարաբերություններում իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր.
«Այս պահանջների վերաբերյալ իմ մեկնաբանությունը կարճ է լինելու: 40 տոկոսից ավելի աղքատ ու 20 տոկոսից ավելի ծայրահեղ աղքատություն ունեցող երկրում, այս սոցիալական պայմաններում հերթական թանկացումը իր հետ բերելու է բազմաթիվ հետևանքներ, հետևաբար՝ անթույլատրելի է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Կարծում եմ՝ որևէ ողջամիտ մարդ այլ կարծիք ունենալ չի կարող: Հատկապես, որ խոսքը գնում է այն ընկերության, ձեռնարկության մասին, որը չի իրականացրել ներդրումային փաթեթը: Կազմակերպության մասին, որտեղ իբրև թե արտադրական կորուստները գերազանցում են շատ ժամանակ իրական թվերը և այլն»,- ավելացրեց նա՝ հույս հայտնելով, որ համապատասխան մարմինները ողջամիտ կերպով ականջալուր կլինեն և կձեռնարկեն որևէ քայլ: